Գևորգ Պապոյանն անդրադարձել է ՀԷՑ-ի պետականացման գործընթացին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է ՀԷՑ-ի պետականացման գործընթացին՝ տեղեկացնելով, որ կառավարող խմբակցությունը օրենքի նախագծի փոփոխությունն արդեն շրջանառության մեջ է դրել, և առաջիկա օրերին ԱԺ արտահերթ նիստում մանրամասն կքննարկվի:
Գևորգ Պապոյանը գործընթացը չի համարել մասնավոր բիզնեսին տիրանալու փորձ, նա անթույլատրելի է համարել, երբ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով խաթարվում է գործարանների աշխատանքը:
«Կառավարման մեջ, քանի որ մենք արդեն խնդիրներ ենք արձանագրում, երբ խոշոր գործարարը մեծ ներդրում էր արել, և իմ իմանալով՝ մի քանի 100 հազար դոլարի միջոցառում էր կազմակերպել .....էդ մարդը կորցրեց էդ գումարը, որովհետև էլեկտրաէներգիայի անջատում տեղի ունեցավ, երբ պիտի բացումը տեղի ունենար: Մեկ ուրիշ դեպք երեկ գործարարից եմ ստացել, որը նոր տեխնոլոգիաներ է գնել, և այդ նոր տեխնոլոգիաները պարբերաբար ՀԷՑ-ի անջատումների հետևանքով փչացել են: Ոչ մի ճապոնացի չի պատկերացնում, որ օրը հինգ անգամ կարող է լույսը անջատվել»,- ասել է Պապոյանը՝ հավելելով, որ գործարար միջավայրն ասում է, որ միլիարդավոր ներդրումներ էն արել, որոնք առոչինչ են դառնում:
Ավելի վաղ վարչապետը նշել էր, որ էներգետիկայի ոլորտում կան խնդիրներ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված, տեղեկացրել, որ երեկ մասնակցել է հիպերմարկետի բացման արարողությանը, որի ժամանակ էլեկտրաէներգիայի անջատում է եղել: Դա, ըստ վարչապետի, կարող է լինել երկու պատճառով՝ սաբոտաժ կամ համակարգի տեխնիկական խնդիր:
«Երկու դեպքում էլ նրանք բոլոր գծերն անցել են, և այն, ինչ ասել եմ, առաջիկայում պետք է անցնեք դրա իրագործման փուլին: Իհարկե, պրոցեսը չի լինի մեկփուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ ՓԲԸ-ի կառավարումը և հետագա գործընթացները՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ, պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»,- ասաց նա:
Վարչապետի խոսքերով՝ Կառավարության գործընկերների հետ համատեղ օրենքի նախագիծ է մշակվել, և նախատեսվում է, որ առաջիկայում ԱԺ արտահերթ նիստով կկատարվեն համապատասխան փոփոխությունները:
Հիշեցնենք՝ վարչապետը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Կառավարության անդամներին տվել էր հանձնարարական, որ ՀԷՑ-ի կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի:
«ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել: Հիմա նաև վերլուծությունը հիմք է տալիս մտածելու (առնվազն թույլ չի տալիս հրաժարվել այդ մտքից), որ այդ ամեն ինչը արվել է և արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար:
Բայց ես տվել էի հանձնարարական, որ 1 ամսվա ընթացքում կա՛մ պետք է ժողովրդին հասցված վնասը վերականգնելու հստակ մեխանիզմներ ներդրվեն, կա՛մ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն՝ պետականացվի»,- ասել էր Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ազգայնացմանը, ապա, ըստ Փաշինյանի, այս հարցով ամենաարագ և արդյունավետ գործելու տեղը Ազգային ժողովն է, և որ այժմ մասնագետներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում են ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ բերելու հարցը:
Կարծիքներ