Հայաստանի պաշտոնյաների մասին հերթական կեղծիքը․ Պրիգոժինի հիմնադրամի թիրախում այժմ էլ Ալեն Սիմոնյանն է. Fip
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մասին հերթական կեղծ տեղեկությունն է շրջանառվում․ այս անգամ թիրախում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է, որին համեմատել են Ջեֆրի Էփշթեյնի հետ։ Վերջինը, նկատենք, ամերիկացի միլիարդատեր էր, մեղադրվել ու դատապարտվել է մանկապղծության համար և համարվել սեռական հանցագործ։Այս մասին հայտնում է Fip.am-ը:
«Հայազգի Ջեֆրի Էփշթեյն. ինչպես է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը մանկաբարձ-կայսրություն կառուցել բարձրաստիճան պաշտոնյաների համար» վերնագրով հոդվածը հրապարակվել է VT Foreign Policy/Veterans Today հարթակում։ Հոդվածում պնդում կա, թե իբր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և երկրի բարձրագույն ղեկավարները ներգրավված են մանկապղծության ցանցում։
Ի դեպ, այս հոդվածը հրապարակվել է նաև Պրիգոժինի հիմնադրած «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» կայքում։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է հոդվածը հրապարակած կայքը, դրանում եղած պնդումները և պարզել, որ այն անհիմն է, մեղադրանքները՝ առանց փաստերի, իսկ դրա հետքերը տանում են ռուսական շրջանակներ։
Ըստ WHOIS գործիքի, VT Foreign Policy կայքի դոմեյնը գրանցված է 2023 թվականին։
Կայքի «Մեր մասին» բաժնում նշվում է, որ VT-ն «գրաքննության չենթարկվող այլընտրանքային» հարթակ է, որտեղ որևէ մեկը կարող է հրապարակել այն, ինչ ցանկանում է։ «․․․վիրտուալ լրատվամիջոց, որը ԱՄՆ-ից և ամբողջ աշխարհից 100% անկախ գրողներին տրամադրում է ազատ և բաց հարթակ՝ իրենց տեսակետները ներկայացնելու առանց գրաքննության», — նշվում է կայքում։
Հրապարակված հոդվածի հիմնական «աղբյուրը» «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» ուսումնասիրությունն է։ «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice (FBR/FBI-նմանակում է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի անգլերեն հայտնի հապավմանը՝ FBI-խմբ․) սերտ առնչություն ունի «Վագներ» հիմնադրամի հետ։ Այս կառույցի հիմնադիրը, հիշեցնենք, Եվգենի Պրիգոժինն է։ Այն կապվում է պրոկրեմլյան ազդեցությամբ գործընթացների հետ։
Հիմնադրամը, որը ներկայանում է որպես «մարդու իրավունքները պաշտպանող» կազմակերպություն, ղեկավարում է Միրա Տերադան, որը հայտնի է նաև Օկսանա Վովկ անունով: Այս ռուս կինը, ըստ տարբեր աղբյուրների, ավելի քան երկու տարի անցկացրել է ԱՄՆ բանտում՝ թմրամիջոցների մաքսանենգության շրջանակում փողերի լվացման մեղադրանքով (2021 թվականին վերադարձել է ՌԴ-խմբ․)։ Հիմնադրամն օգտագործում է ամերիկյան և օտարերկրյա սոցիալական մեդիա հարթակներում ազդեցություն ունեցող հայտնի անձանց՝ Արևմուտքում քարոզչություն և ապատեղեկատվություն տարածելու նպատակով։
Հոդվածում նշվում է, թե իբրև ամիսներ շարունակ հետաքննություն են անցկացրել «բացահայտելու Հայաստանի պատմության մեջ բարձրաստիճան պեդոֆիլների ամենամեծ ցանցը»։ Սակայն չկան այդ մասին ապացույցներ, տուժողների հետ զրույցներ կամ նրանց վկայություններ, փաստական տվյալներ և այլն։ Իսկ նրանք, ովքեր իբրև թե խոսել են հոդվածագրի հետ, ներկայացվում են առանց անունների։
Հիշեցնենք, ամիսներ առաջ այս ցանցը տարածում էր «բիոլաբորատորիաների» մասին հորինված պատմություն, որին անդրադարձել էր նաև Fip.am-ը և պարզել, որ անհիմն պնդումներով ու առանց փաստերի մեղադրանքներով պրոկրեմլյան օղակները թիրախավորել են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում


Կարծիքներ