Խնդրում ենք պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել․ Դիլիջանի համայնքապետարան
Տեղեկացնում ենք, որ Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Դիլիջանի համայնքապետարանից։
«ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում։
Խնդրում ենք պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել են, որ նոյեմբերի 25-ի՝ ժամը 13:30-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է, մյուս օջախներում աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։
Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 1830 փրկարարական ծառայող, 10 ոստիկանության ծառայող, 103 էկոպարեկ, 17 հիմնական և 143 օժանդակ տեխնիկա։ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում (70 թռիչք)։
Ինտենսիվ կերպով հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են նաև Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզ Ձորաշեն բնակավայրի մոտակայքում։
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։


Կարծիքներ