Թրամփը 100% մաքսատուրքեր է սահմանել արտասահմանյան ֆիլմերի նկատմամբ՝ փրկելու «մեռնող» Հոլիվուդը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 4-ին հայտարարել է, որ 100% մաքսատուրքեր է սահմանում երկրի սահմաններից դուրս արտադրված ֆիլմերի համար։ Նա նշել է, որ ամերիկյան կինոարտադրությունը մեռնում է «շատ արագ մահով» այն հրապուրիչ առաջարկների պատճառով, որ կինոգործիչներին անում են այլ երկրները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։
«Ամերիկայում կինոարտադրությունը մահանում է շատ արագ մահով։ Այլ երկրները տարբեր տեսակի հրապուրիչ առաջարկներ են անում, որպեսզի կինոարտադրողներին և կինոստուդիաները հեռու տանեն Միացյալ Նահանգներից…. Սա այլ երկրների կողմից համաձայնեցված ջանք է և, հետևաբար, սպառնալիք ազգային անվտանգությանը», - գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հավելել է, որ Առևտրի նախարարությանը և ԱՄՆ առևտրի ներկայացուցչին լիազորել է 100% մաքսատուրքեր սահմանել այլ երկրներում արտադրված բոլոր ֆիլմերի համար, որոնք կմտնեն ԱՄՆ։
«Մենք ցանկանում ենք Ամերիկայում արտադրված ֆիլմեր, նորից», - հավելել է Թրամփը։
ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լութնիկը X սոցիալական հարթակում գրել է, որ զբաղվում է դրանով։
Առայժմ պարզ չէ՝ արդյոք մաքսատուրքերը կվերաբերեն սթրիմինգային ծառայություններով հեռարձակվող ֆիլմերին, թե նաև այն ֆիլմերին, որոնք ցուցադրվում են կինոթատրոններում։ Եվ նաև պարզ չէ՝ ինչպես են հաշվարկվելու մաքսատուրքերը` ելնելով արտադրության ծախսերից թե՞ կինովարձույթի եկամտից։
Reuters գործակալությունը նշում է, որ աշխարհի շատ երկրներ տարբեր ֆինանսական առաջարկների միջոցով գրավում են կինոարտադրողներին՝ փորձելով բաժին ստանալ 248 միլիարդ դոլար գումարից, որն, ըստ Ampere Analysis-ի կանխատեսումների, 2025 թվականին ամբողջ աշխարհում կծախսվի բովանդակություն ստեղծելու վրա։
Բոլոր խոշոր ընկերությունները, այդ թվում՝ Walt Disney-ը, Netfilx-ը, Universal Pictures-ը, իրենց ֆիլմերը նկարահանում են այլ երկրներում, օրինակ՝ Կանադայում և Բրիտանիայում։
Ըստ ProdPro հետազոտական ընկերության տվյալների՝ 2023 թվականին ավելի քան 40 միլիոն դոլար բյուջե ունեցող ֆիլմերի և հեռուստանախագծերի վրա ամերիկյան պրոդյուսերների կողմից արված ծախսերի կեսը եղել է ԱՄՆ-ի սահմաններից դուրս։
Կարծիքներ