Այս ագրեսիան Ադրբեջանի պատասխանն է միջազգային հանրության միջնորդական ջանքերին. Մհեր Մարգարյան

Այս ագրեսիան Ադրբեջանի պատասխանն է միջազգային հանրության միջնորդական ջանքերին. Մհեր Մարգարյան

Հարձակումը Հայաստանի վրա Ադրբեջանի պատասխանն է միջազգային հանրության միջնորդական ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:

Մարգարյանը հիշեցրեց, որ Հայաստանն անցած տարվա ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել, որ Ադրբեջանը բռնի ուժով տարածքներ ձեռք բերելու անօրինական վարքագծի մեջ է:

«2021 թվականի մայիսի 14-ի, հուլիսի 29-ի և նոյեմբերի 16-ի նամակների միջոցով Հայաստանը խորհրդի անդամներին ահազանգել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումների մասին: Վերջին հարձակումները ցույց են տալիս, որ պատշաճ հաշվետվողականության միջոցառումների բացակայության պարագայում ագրեսիայի քաղաքականությունը, հավանական է, որ կշարունակվի և նույնիսկ կմեծանա իր մասշտաբով»,-շեշտեց Հայաստանի ներկայացուցիչը:

Նա նաև ընդգծեց, որ նախկինում ուժի կիրառման արդյունքներով ոգևորված՝ Ադրբեջանն այժմ ձգտում է արդարացնել բռնությունը, ագրեսիան՝ ուժով տարածքներ գրավելու համար: Մարգարյանը ՄԱԿ-ի ԱԽ նիստի ներկաներին հիշեցրեց, որ Ադրբեջանի այս հարձակումը հաջորդում է 2021 թվականի մայիսին և նոյեմբերին տեղի ունեցած հարձակումներին, երբ Ադրբեջանը գրավեց Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 45 քառակուսի կմ տարածք։

Հայաստանի ներկայացուցիչն ընդգծեց  նաև, որ ագրեսիայի այս գործողութունը տեղի է ունեցել տարբեր հարթակներում անցկացվող խաղաղ բանակցությունների համատեքստում, որոնց նպաստել են տարբեր դերակատարներ: Եվ Հայաստանն այդ բոլոր գործընթացներին բարեխղճորեն մասնակցել է՝ նպատակ ունենալով կայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։ «Հայաստանը հրապարակայնորեն պարտավորվել է աշխատել տարածաշրջանում խաղաաղության հաստատման ուղղութայամբ և արտահայտել է իր պատրաստակամությունը՝ խաղաղության համաձայնագրի շուրջ սկսելու մասնակցությունները։ Այս ագրեսիան Ադրբեջանի պատասխանն է միջազգային հանրության միջնորդական ջանքերին»,-շեշտեց Մարգարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում