ԱՄՆ Կոնգրեսն աջակցում է Կառավարության ֆինանսավորման երկարաձգմանը մինչև փետրվարի 18-ը

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել օրինագծին, որով դաշնային կառավարությունը ժամանակավորապես ֆինանսավորվում է մինչև 2022 թվականի փետրվարի 18-ը։
Առաջարկին աջակցել է 69 սենատոր, դեմ՝ 28 օրենսդիր։ Ակնկալվում է, որ մոտ ապագայում փաստաթուղթը կստորագրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Սենատում հանրապետականների և դեմոկրատների առաջնորդներին քվեարկությունից բառացիորեն մի քանի ժամ առաջ հաջողվեց համաձայնության գալ առաջարկին աջակցելու անհրաժեշտության շուրջ։
Ավելի վաղ Բայդենը վստահություն էր հայտնել, որ Կոնգրեսը թույլ չի տա այնպիսի իրավիճակ, որ ֆինանսավորման երկարաձգման բացակայության պատճառով դաշնային գերատեսչությունները ստիպված կլինեն ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը։ Վերջին անգամ նման բան եղել է 2018 թվականի դեկտեմբերի 22-ին, ինչի արդյունքում քաղծառայողները ռեկորդային երկարաժամկետ՝ 35 օրով գնացել են հարկադիր արձակուրդի։
Կառավարության ֆինանսավորման երկարաձգման մասին նախորդ բանաձեւը, որը հոկտեմբերի 1-ին ստորագրել էր նախագահը, լրանում է ուրբաթ օրը։ Այդ կապակցությամբ նախագահը պետք է ժամանակ ունենա ստորագրելու ֆինանսավորման հետագա երկարաձգման մասին օրինագիծը մինչև տեղական ժամանակով դեկտեմբերի 3-ի կեսգիշերը։ Նախորդ 2021 ֆինանսական տարին ավարտվել է սեպտեմբերի 30-ին Միացյալ Նահանգներում, սակայն օրենսդիրները դեռ համաձայնության չեն եկել հաջորդ տարվա ամբողջական բյուջեի շուրջ։ Այդ կապակցությամբ նրանք ստիպված են միջանկյալ բանաձեւեր ընդունել կառավարության ֆինանսավորման երկարաձգման վերաբերյալ։
Կարծիքներ