Արարատ համայնքին է վերադարձվել Սուրենավան բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը. դատախազություն

Արարատ համայնքին է վերադարձվել Սուրենավան բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը. դատախազություն

Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքին է վերադարձվել Սուրենավան բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը:

Այս մասին հայտնել են Դատախազությունից:

«Արարատի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրել է Արարատի մարզի Սուրենավան բնակավայրին 1997 թվականին սեփականության իրավունքով փոխանցված, Բարեկամության փողոցի 23/3 հասցեում գտնվող 625.33 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքի և դրանով ծանրաբեռնված 0.15878 հա մակերեսով հողատարածքի փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սուրենավան համայնքի նախկին ղեկավար Կ.Կ.-ն մանկապարտեզի շենքի օտարման հիմքերի բացակայության պայմաններում համայնքի ավագանու անդամներին, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, օրենքի պահանջների խախտմամբ կայացրել է ոչ իրավաչափ ակտեր: Մասնավորապես համայնքային սեփականություն հանդիսացող, 22 միլիոն 248 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 625.33 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքը և դրանով ծանրաբեռնված 0.15878 հա մակերեսով հողատարածքը ձևական աճուրդի եղանակով 2018 թվականի մարտի 5-ին օտարվել են համայնքի ղեկավարի խնամուն, ինչի հետևանքով խախտվել են նախակրթական հաստատություն հաճախող երեխաների իրավունքներն ու օրինական շահերը:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արարատ համայնքի ղեկավարին անշարժ գույքն օտարելու մասին որոշումը վերացնելու և գույքը համայնքի սեփականությանը վերադարձնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա Արարատ համայնքի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Սուրենավան բնակավայրի Բարեկամության փողոցի 23/3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 2025 թվականի հունիսի 18-ին գրանցվել է Արարատ համայնքի սեփականության իրավունքը:

Քրեական վարույթ նախաձեռնելու և պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում հայց ներկայացնելու ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում