Ժողովրդավարությունն ինձ համար պետության զարգացման բանաձև է. ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյան

Ժողովրդավարությունն ինձ համար պետության զարգացման բանաձև է. ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյան

Հայաստանի խորհրդարանը քննարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների թեկնածուների ընտրության հարցը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԿԸՀ նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Հովակիմյանին, անդամների թեկնածուներ են առաջադրվել Աննա Գրիգորյան, Ժիրայր Կարապետյանը, Նունե Հովհաննիսյանը, Սիլվա Մարկոսյանը, Արմեն Սմբատյանը, Արուսյակ Տերչանյանը:

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ՔՊ-ի ներկայացուցիչները ներկայացրել են թեկնածուներին, որից հետո վերջիններս ներկայացրել են ընտրվելու դեպքում Հանձնաժողովում իրենց գործունեության առաջնահերթությունները:

ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանը իր ելույթում կարծիք հայտնեց, որ Հայաստանի նման սահմանափակ ռեսուրս ունեցող երկրները ունեն զարգացման մեկ ճանապարհ, որը ժողովրդավարությունն է: «Ես համոզված եմ, որ ժողովրդավարությունը մեր երկրի համար ունի կենսական նշանակություն: Վերջին տարիներին Հայաստանի զարգացումները ողջ աշխարհի կողմից բնորոշվում են որպես ժողովրդավարական: Հայաստանն ընթանում է ժողովրդավարական ուղիով, իսկ ժողովրդավարության զարգացման համար անկյունաքարային նշանակություն ունի ազատ, արդար, թափանցիկ ընտրությունը»,- ասաց նա:

Կյանքիս վերջին 24 տարիների ընթացքում իմ բոլոր հնարավորություններն օգտագործել եմ, որ Հայաստանում բոլոր ընտրությունները լինեն արդար, ազատ, թափանցիկ և մրցակցային: «Ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների դեմ ցանկացած ոտնձգություն ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության դեմ»,- նշեց Վահագն Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի ընտրական համակարգը վերջին 25 տարիների կտրվածքով անընդհատ զարգացել է, իսկ հատկապես վերջին տարիներին առավել քան առաջընթաց է ապրել՝ ի շնորհիվ ՀՀ քաղաքացիների, քաղաքական ուժերի, Հայաստանում տարբեր մակարդակի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների, ԿԸՀ գործող և առաքելությունն ավարտող կազմի աշխատանքի:

«Ընտրական համակարգի բարեփոխումներն անընդհատ գործընթաց են: Վերջին տարիներին ընտրական համակարգի նկատմամբ վստահելիության մակարդակն էապես բարձրացել է, ուստի բոլոր շահագրգիռ անհատների, կազմակերպությունների ապագա ջանք ու եռանդը պետք է լինի, որպեսզի այդ վստահությունն էլ ավելի բարձրանա, որպեսզի համակարգի բարեփոխումներն անընդհատ լինեն»,- ասաց Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ բարեփոխումների առանցքում պետք է շարունակի մնալ ընտրությունների թափանցիկության էլ ավելի զարգացումը, որպեսզի ՀՀ քաղաքացին ակնթարթ անգամ չունենա, որ իր քվեն այլևս երբեք չի կորելու, որ իր մեկ քվեով է որոշվելու, թե քաղաքական ուժերից յուրաքանչյուրը ինչպիսի ներգրավվածություն է ունենալու պետական և տեղական ինքնակառավարման գործընթացներում: «Հաջորդ խնդիրը, որ պետք է լինի բարեփոխումների առանցքում, ընտրական գործընթացների թվայնացումը շարունակելն է, որպեսզի ավելի հասանելի ու մատչելի լինի ընտրական համակարգը»,- մանրամասնեց նա:

Հովակիմյանը կարևորեց նաև ընտրական ցուցակների շուրջ ծավալված բանավեճի հանգուցալուծումը: Նրա խոսքով՝ լուծումը կարող է լինել ՀՀ պետական կառավարման համակարգի թվայնացման գործընթացի շնորհիվ, ինչի արդյունքում հնարավոր կլինի ճշգրտել նաև ընտրական ցուցակները:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում