Որոշվել է առավելագույնս աջակցել տեղական գյուղմթերք արտադրողներին, նրանց ապրանքը շուկա դուրս բերել. Արցախի պետնախարար

Որոշվել է առավելագույնս աջակցել տեղական գյուղմթերք արտադրողներին, նրանց ապրանքը շուկա դուրս բերել. Արցախի պետնախարար

Արցախում այսօր տեղի է ունեցել հումանիտար ապրանքների մատակարարման, տեղական գյուղատնտեսական մթերքի իրացման, շուկայում մանրածախ ու մեծածախ գների վերահսկման, տեղական արտադրողին աջակցելու հարցերի շուրջ հերթական խորհրդակցությունը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Ոլորտների պատասխանատուները ներկայացրել են իրենց զեկույցները, վերջին շրջանում կատարված աշխատանքները, դրանց ընթացքում ի հայտ բերված թերություններն ու կատարելագործման ենթակա ուղղությունները: Քննարկման արդյունքներով որոշվել է առավելագույնս աջակցել տեղական գյուղատնտեսական մթերքներ արտադրողներին և նրանց կողմից ապրանքը շուկա դուրս բերելու գործին և ձեռնարկել բոլոր միջոցները տեղական արտադրանքի մրցունակությունն ու իրացումն ապահովելու համար:

Այսուհետ ևս ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը շարունակելու է սահմանել շուկայում ապրանքների մանրածախ ու մեծածախ գների առավելագույն չափը, իսկ պետական տեսչությունների կոմիտեի տեսուչները Ստեփանակերտում և շրջաններում իրականացնելու են գների մոնիթորինգ՝ խախտում թույլ տված տնտեսվարողների նկատմամբ կիրառելով պետական հարկադրանքի միջոցներ:

Կրկին խնդրում և հորդորում են շուկայում սահմանված գներից թանկ վաճառվող ապրանք հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ հաղորդել ԱՀ պետական տեսչությունների կոմիտեին՝ զանգահարելով 5099 կարճ համարին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում