Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Արարատի մարզպետի աշխատակազմը Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հայտարարություն է տարածել: 

«Արարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։
Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը:

Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն պաշտպանված:

Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները պարբերաբար այցելում են դպրոց՝ տեղում իրավիճակն ամբողջությամբ գնահատելու և լուծումներ գտնելու նպատակով:

Իրավապահ մարմիններն արդեն իսկ նախաձեռնել են քրեական վարույթ։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ երեխաներին սպիտակ փոշիանման զանգված փոխանցելու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ մեկ անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ օրեր առաջ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում