Հայաստանի իշխանությունները գնահատել են տարածաշրջանային հնարավոր ռիսկերը՝ Իսրայելի և Իրանի միջև լարվածության ֆոնին

Հայաստանի իշխանությունները գնահատել են տարածաշրջանային հնարավոր ռիսկերը՝ Իսրայելի և Իրանի միջև լարվածության ֆոնին

Իրանի և Իսրայելի միջև լարվածության ֆոնին Հայաստանի իշխանությունները գնահատել են տարածաշրջանային հնարավոր ռիսկերը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի իշխանություններն արդյոք գնահատե՞լ են հնարավոր ռիսկերը, որ կարող են առաջանալ Հայաստանի համար՝ պայմանավորված Իրանի և Իսրայելի միջև հակամարտությամբ՝ Ալեն Սիմոնյանը դրական պատասխան է տվել։ 

«Գնահատել ենք, քննարկել ենք այդ հարցը ռազմական գործողությունները սկսվելուց հետո։ Քննարկել ենք ոչ միայն Ադրբեջանից սպասվող հնարավոր գործողությունները, այլև հնարավոր հետագա զարգացումները հենց Իրանի ներսում, մեր սահմանների վրա։ Պետք է ասեմ, որ Իրանից որևիցե հոսք չկա, մեր սահմանին որևիցե նման բան չի արձանագրվել։ Մենք գտնվում ենք կապի մեջ մեր միջազգային գործընկերների հետ, և այս պահի դրությամբ որևէ ավելացնելու բան չկա»,– ընդգծել է ԱԺ նախագահը։  

Սիմոնյանը պատասխանել է նաև հարցին, թե ինչպես կարող է Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունն անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների գործընթացի վրա. 

 «Այս պահի դրությամբ մտահոգություն չկա, որ դա կարող է ինչ-որ ձևով ազդեցություն ունենալ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա, որովհետև խոսակցությունը շարունակվում է, և կան կոնկրետ գործընթացներ, որոնք հիմա ընթացքի մեջ են, և նման բան չենք տեսնում»,– նշեց Սիմոնյանը։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում