Նեթանյահուի դաշինքն առաջատար է՝ ձայների 41.9%-ի հաշվարկից հետո
Իսրայելի խորհրդարանական ընտրություններում քվեաթերթիկների շուրջ 42%-ի հաշվարկից հետո քաղաքական ուժերից ոչ մեկը չի ապահովել Քնեսեթում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 61 մանդատը։
The Times of Israel-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուին աջակցող աջակողմյան դաշինքը ստանում է 57 մանդատ, ընդդիմադիր դաշինքը՝ 47, իսկ արաբական «Միացյալ ցուցակ» և «Ռաամ» ուժերը միասին՝ 16 մանդատ։
Իսրայելի խորհրդարանն ունի 120 պատգամավորական տեղ, իսկ կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է առնվազն 61 մանդատ։ Ընտրությունների վերջնական արդյունքներից հետո սպասվում են կոալիցիա ձևավորելու բանակցություններ։
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 77,7%, ինչը երկրի պատմության ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։ Համեմատության համար՝ 2022 թվականի ընտրություններին մասնակցությունը կազմել էր 70,6%։
Հիմնական պայքարը ծավալվել է Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության շուրջ ձևավորված աջակողմյան ճամբարի և Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտի գլխավորած «Յաշար» կուսակցության շուրջ համախմբված ընդդիմադիր ուժերի միջև։
Ձայների հաշվարկը շարունակվում է, և մանդատների նախնական բաշխումը դեռ կարող է փոխվել։


Կարծիքներ