Թրամփի դիմանկարը կհայտնվի ԱՄՆ անձնագրի շապիկին

Թրամփի դիմանկարը կհայտնվի ԱՄՆ անձնագրի շապիկին

ԱՄՆ-ն անկախության 250-ամյակի կապակցությամբ նախատեսում է թողարկել անձնագրերի հատուկ շարք՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով։ Դրանք կտրամադրվեն Վաշինգտոնում, սակայն թողարկվելիք քանակը դեռևս հայտնի չէ։

Հրապարակված նախագծի համաձայն՝ Թրամփի դիմապատկերը և նրա ստորագրությունը՝ ոսկե տառերով, կհայտնվեն անձնագրի առջևի շապիկի ներսի հատվածում։ Հետևի շապիկին կտեղադրվի ամերիկացի նկարիչ Ջոն Թրամբուլի «Անկախության հռչակագիր» կտավից մի հատված։

Մարտի 26-ին տեղեկություն էր տարածվել, որ երկրի գործող նախագահի ստորագրությունը կհայտնվի նաև 100 դոլարանոց թղթադրամների վրա, որոնք նույնպես կթողարկվեն ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ։ Վերջին 165 տարվա ընթացքում առաջին անգամ Սպիտակ տան ղեկավարի ստորագրությունը կփոխարինի գանձապետի ստորագրությանը։

Ավելի վաղ Պետքարտուղարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ Խաղաղության ինստիտուտը կկրի Թրամփի անունը, իսկ Վաշինգտոնում գտնվող Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնը կվերանվանվի՝ դառնալով Դոնալդ Ջ. Թրամփի և Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների հուշահամալիր կենտրոն։

Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի համար «Թրամփ» դասի երկու նոր ռազմանավերի կառուցման ծրագրերի մասին, որոնք նախատեսվում է հագեցնել ժամանակակից զինատեսակներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում