Սպանվել է 137 ուկրաինացի զինվոր. Զելենսկի

Սպանվել է 137 ուկրաինացի զինվոր. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում 137 ուկրաինացի զինվոր է զոհվել, ևս 316-ը վիրավորվել են։

«Նախնական տվյալներով, ցավոք, այսօր մենք արդեն կորցրել ենք մեր 137 հերոսներին, մեր քաղաքացիներին, որոնցից` 10 սպա, 316-ը վիրավորվել են»,- ասել է նա ուրբաթ երեկոյան ուկրաինացիներին ուղղված տեսաուղերձում, որը նա տեղադրել է իր Telegram-ում։

Զելենսկին հաստատել է նաև, որ Կիևը կորցրել է վերահսկողությունը Սև ծովում գտնվող Օձի կղզու նկատմամբ։ Նրա խոսքով՝ բոլոր ուկրաինացի զինվորականները, ովքեր եղել են կղզում, մահացել են։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ չի լքել Կիևը և իշխանության այլ ներկայացուցիչների հետ միասին մնում է Կիևի կառավարական թաղամասում։

Զելենսկին ընդգծել է, որ իր ընտանիքը նույնպես մնում է երկրում։ «Իմ ընտանիքը նույնպես Ուկրաինայում է, երեխաներս նույնպես Ուկրաինայում են, իմ ընտանիքը դավաճան չէ, այլ Ուկրաինայի քաղաքացիներ են, բայց չեմ կարող ասել, թե որտեղ են»,- եզրափակեց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում