Կորոնավիրուսի համավարակի ժամանակ դիաբետով հիվանդացությունը երեխաների շրջանում ավելացել է կրկնակի

Կորոնավիրուսի ռիսկերը երեխաների համար համավարակի սկզբում խիստ թերագնահատված էին, հավաստիացնում են մասնագետները. երեխաները ավելի հաճախ են վարակվում, քան ընդունված էր կարծել, ավելին՝ հիվանդությունը կարող է նրանց մոտ լուրջ բարդություններ առաջացնել։
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Ամերիկյան դիաբետիկ ասոցիացիայի կոնֆերանսի ընթացքում Լուիզիանայի մանկական հիվանդանոցի բժիշկները տեղեկացրել են, որ 2019թ. առաջին անգամ շաքարային դիաբետի 2-րդ տեսակ հայտնաբերված երեխաները կազմում էին բոլոր պացիենտների 0,27 տոկոսը, սակայն 2020թ. մարտ-դեկտեմբերին այդ ցուցանիշն ավելացավ մինչեւ 0,62 տոկոս։ Նշանակում է, որ հիվանդացությունն ավելացել է ավելի քան կրկնակի։
Գիտնականները նաեւ ուշադրություն են դարձրել այն բանին, որ համավարակի ժամանակ հոսպիտալացված դիաբետ ունեցող փոքրիկ պացիենտների մոտ կլինիկական ցուցանիշները եղել են ավելի վատ այլ երեխաների համեմատ նախորդ տարիներին. հիվանդանոց ընդունված երեխաների մոտ բարձր է եղել շաքարի մակարդակն արյան մեջ, եւ ավելի շատ էր ջրազրկումը։
Նման տվյալներ են ներկայացրել Վաշինգտոնի Մանկական ազգային հիվանդանոցի բժիշկները. 2019թ. համեմատ համավարակի ժամանակ առաջին անգամ դիաբետի 2-րդ տեսակի հայտնաբերմամբ պացիենտների աճը կազմել է 189 տոկոս, եւ երեխաների մեծ մասի մոտ վիճակը նկատելիորեն ավելի վատ է եղել։
Հատկանշական է, որ այդ երեխաների մեծ մասի մոտ չի եղել COVID-19, ինչը ցույց են տվել հակամարմինների թեստավորման արդյունքները եւ ծնողների հարցումները։ Մասնագետների կարծիքով՝ դեր են խաղացել այլ կարեւոր գործոններ. բազմաթիվ սահմանափակումների ժամանակ, երբ շատ դպրոցներ անցել են հեռահար ուսուցման, երեխաների ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն նվազել է։ Դա նպաստել է քաշի եւ ճարպակալման ավելացմանը։ Բացի այդ, պլանային ընդունման բարդությունների պատճառով շատ ծնողներ կարող էին հետաձգել երեխաների զննումները, դրա համար դիաբետի ախտանշանները մնացել են աննկատ։
Կարծիքներ