Ռուսաստանի ՊՆ-ն Ուկրաինային մեղադրել է ռուսական դիրքերի վրա «Սի Էս» թունավոր նյութ նետելու մեջ

Ուկրաինայի զինված ուժերը 2025 թվականի սկզբից անօդաչու թռչող սարքերի միջոցով ՌԴ զինված ուժերի դիրքերի վրա են նետում «Սի Էս» (CS) թունավոր նյութ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևը:
«2025 թվականի սկզբից Ուկրաինայի զինված ուժերն, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, կանոնավոր կերպով Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի դիրքերի վրա են նետում CS նյութով և քլորոպիկրինով կոնտեյներներ: Մասնավորապես, նման փաստեր են նկատվել Խարկովի մարզի Լիման Պերվի գյուղի և Բելգորոդի մարզի Կոլոտիլովկա բնակավայրի տարածքում», - հայտարարել է Ռտիշչևը:
Ավելի վաղ Նիդեռլանդների և Գերմանիայի հետախուզական գործակալությունները հայտարարել էին, որ ապացույցներ ունեն Ուկրաինայում Ռուսաստանի կողմից արգելված քիմիական զենքի լայնածավալ օգտագործման վերաբերյալ։ Իր հերթին 2024 թ. մայիսին ԱՄՆ-ն առաջին անգամ ՌԴ-ին մեղադրել էր քլորոպիկրին օգտագործելու մեջ։
Կարծիքներ