Արժեքավոր նվեր՝ հայ ջութակահարներին
Առաջին անգամ հայկական կատարողական արվեստի պատմության մեջ հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի մոնումենտալ և շրջադարձային «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը: Այն ջութակահարների կրթությանը վերաբերող հիմնարար դասագիրք է, որը պատասխանում է գործիքին տիրապետելու բոլոր հարցերին՝ առաջարկելով տեխնիկայի զարգացման համակարգված մոտեցում՝ ձայնի արտաբերումից, մինչև մատների և աղեղի ճկունությունը և հոգեբանական պատրաստվածությունը։ Առաջին անգամ հրատարակվելով 1923թ.-ին՝ այն մնում է ջութակահարների կրթության անկյունաքարը և մինչ այժմ լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհի երաժշտական ուսումնական հաստատություններում: Նախագծի հովանավորների որոշմամբ՝ «Ջութակ նվագելու արվեստը» ձեռնարկի հայերեն թարգմանված տարբերակն անվճար կտրամադրվի Հայաստանի կոնսերվատորիաներին, երաժշտական քոլեջներին և դպրոցներին:
«Ջութակ նվագելու արվեստը» աշխատության նոր հրատարակությունը խմբագրել են Մաքսիմիլիան Սիմոնը և Նադին Կոնտինին։ Գերմաներենից հայերենի թարգմանիչն ու գլխավոր խմբագիրը ջութակահար, Դետմոլդի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Բադալյանն է: Նրա փոխանցմամբ հանրահայտ ջութակահար և մանկավարժ Կարլ Ֆլեշը, լինելով իր ժամանակի բազմաթիվ անվանի ջութակահարների ուսուցիչ, այս գրքում համակարգել է իր տասնամյակների փորձն ու երաժշտական-մանկավարժական գիտելիքները։ Երկու ծավալուն հատորներից բաղկացած բնօրինակը, Մաքսիմիլիան Սիմոնի և Նադին Կոնտինիի խմբագրած տարբերակով (2020), ժամանակակից ջութակահարին ներկայացվում է ավելի արդիական և մատչելի լեզվով»:
Հայերեն հրատարակությունը իրականացվել է Բեռլինի Ries & Erler հրատարակչության հետ կնքված լիցենզային պայմանագրով։ Նախագիծն իրականացվել է Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամի կողմից՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հետ համատեղ՝ «Ամարյան» բարեգործական հիմնադրամի, Apricot Capital-ի և Balchug Capital-ի աջակցությամբ։
Կարլ Ֆլեշի այս համապարփակ ուղեցույցը անգնահատելի պատկերացում է տալիս Ֆլեշի ջութակին տիրապետելու մոտեցման մասին՝ շեշտը դնելով տեխնիկական վարպետության, երաժշտականության և գործիքի խորը ըմբռնման վրա: Ֆլեշի սկզբունքների ըմբռնումը կարող է զգալի կերպով բարելավել, թե կատարելագործվող մասնագետի, թե առաջադեմ ուսանողի կատարողական մակարդակը:
Ջութակահար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի կարծիքը թարգմանության մասին հետևյալն է. «Ջութակին տիրապետելու այս ուղեցույց, որը ճանաչված է ամբողջ աշխարհում և հասանելի է բազմաթիվ լեզուներով վերջապես հրատարակվել է նաև հայերեն: Դա հիանալի նվեր է երաժիշտների, ուսանողների և դասախոսների համար։ Հայերեն տարբերակից մեծ օգուտ կքաղեն և՛ նրանք, ովքեր երկար ժամանակ օգտվել են անգլերեն և գերմաներեն հրատարակություններից, և՛ նրանք, ովքեր մինչ օրս չեն կարողացել օգտվել դրանցից։ Ջութակն իմ հոգու ձայնն է, և ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս հրատարակությունը կոգեշնչի և կնպաստի Հայաստանում ջութակի կրթության վերածննդին՝ վերադարձնելով այն բարձր մակարդակը, որը նախկինում գոյություն ուներ էր, և որին այսօր էլ կարող ենք հասնել»։
Primavera Foundation of Armenia հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ելենա Յակովլևան հավաստիացնում է. «Ես կարծում եմ, որ արժեր յոթ երկար ու մի շարք պրոֆեսիանալների նվիրված ախատանքով հագեցած ամիսներ ներդնել ջութակի դասավանդման այս լեգենդար մեթոդը Հայաստանում հայերեն լեզվով հասանելի դարձնելու համար: Սա երկրի կատարողական արվեստի պատմության մեջ նշանակալի էջ է: Իմ երախտագիտության արտահայտումը բոլոր նրանց հանդեպ, ովքեր աջակցել են այս նախագծին, չի կարող առավել լինել, քան այն փաստը, որ այդ մարդիկ արդեն դարձել են հայկական դասական երաժշտական կրթության պատմության մի մասը»:
«Ամարյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Ամարյանը նշում է. «Ուրախ ենք հայ երաժշտական համայնքին նվիրել Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» գիրքը»։ Հիմնադրամի համահիմնադիր Վարդան Ամարյանը հավաստիացնում է. «Այս աշխատության հայերեն հրատարակությունը մեր երաժիշտներին կապահովի հասանելիություն ջութակի դասավանդման ամենաբարձր չափանիշներին՝ հարստացնելով ուսումնական փորձը թե՛ ուսանողների, թե՛ ուսուցիչների համար։ Մենք վստահ ենք, որ նրանք կօգտվեն այս հնարավորությունից՝ կատարելագործելով իրենց հմտությունները և շարունակելով փայլել ինչպես հայկական, այնպես էլ միջազգային բեմերում»։
Այս կարևոր իրադարձությունը նշելու համար դեկտեմբերի 24-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Ջութակ նվագելու արվեստը» խորագրով համերգ։ Որպես մենակատարներ հանդես կգան գրքի գերմաներեն նոր հրատարության խմբագիրը և հայերեն հրատարակության թարգմանիչը` ջութակահարներ Մաքսիմիլիան Սիմոնը և Արման Բադալյանը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը։ Ծրագրում կհնչեն Է.Վ. Կորնգոլդի և Մ. Բրուխ ջութակի կոնցերտները և Մ. Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայի նախերգանքը:



Կարծիքներ