Աշխարհը շունչը պահած սպասում է Թեհրանի պատասխանին

Աշխարհը շունչը պահած սպասում է Թեհրանի պատասխանին

ԱՄՆ-ը միացել է Իսրայելի պատերազմին՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին. Մերձավոր Արևելքը՝ պայթյունավտանգ կետում

ԱՄՆ-ը ռմբակոծել է Իրանի միջուկային օբյեկտները, միանալով Իսրայելի գործողություններին՝ 1979-ից ի վեր ամենախոշոր արևմտյան հարձակման շրջանակում։

30,000 ֆունտանոց ամերիկյան «բունկեր ճեղքող» ռումբերը խոցել են Ֆորդոյի ստորգետնյա միջուկային համալիրի տարածքը, իսկ ավերածությունները տեսանելի են նույնիսկ տիեզերքից։

Թեհրանը խոստացել է պաշտպանվել ցանկացած գնով։ Իրանը նորից հրթիռակոծել է Իսրայելը, որի հետևանքով ավերվել են շենքեր Թել Ավիվում, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

ԱՄՆ Պետդեպը հրահանգել է դեսպանատների աշխատակիցների ընտանիքներին լքել Լիբանանը, իսկ ԱՄՆ ներքին անվտանգության վարչությունը զգուշացրել է՝ երկիրը մտել է բարձր սպառնալիքի ռեժիմ։ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում ուժեղացվել է հսկողությունը կրոնական ու դիվանագիտական կենտրոնների շուրջ։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին Ստամբուլում հայտարարել է․

«ԱՄՆ-ն միայն ուժի լեզուն է հասկանում։ Դիվանագիտություն չի լինի, քանի դեռ չենք պատասխանել»։

Գերագույն առաջնորդ Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին X-ում գրել է․

«Նախաձեռնությունն այժմ խելացի կողմի ձեռքում է։ Զարմանքները շարունակվելու են»։

Նախագահ Թրամփը հեռուստատեսային ուղերձով հայտարարել է․

«Մենք լիովին ոչնչացրել ենք Իրանի միջուկային ենթակառուցվածքները։ Սա փայլուն ռազմական հաջողություն էր»։

Սակայն պաշտոնյաները զգուշավոր են․ ստորգետնյա վնասների իրական ծավալը դեռևս անհայտ է։

ՄԱԿ-ի Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԷԳ) հայտնել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ճառագայթային արտահոսքի աճ չի գրանցվել։

ՄԱԷԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին CNN-ին ասել է, որ ստորգետնյա վնասները գնահատելն այս փուլում դեռ հնարավոր չէ։

Իրանական աղբյուրները պնդում են, որ հարստացված ուրանն արդեն տեղափոխվել էր Ֆորդոյից մինչև հարձակումը։ Reuters-ը չի հաստատել այդ տեղեկությունը։

Իրանի խորհրդարանը քվեարկել է փակել Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի մոտ մեկ քառորդը։ Վերջնական որոշումը սպասվում է Գերագույն ազգային անվտանգության խորհրդից։ Նեղուցի հնարավոր փակումը կարող է խաթարել նավթային շուկաներն ու հրահրել բախում ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է․

«Եթե Իրանը համարձակվի պատասխանել՝ դա կլինի իր ամենամեծ սխալը»։

Նա հավելել է՝ «մենք հասել ենք մեր հիմնական նպատակին, բայց ունենք նաև այլ թիրախներ»։

ԱՄՆ-ը պատերազմ չի ցանկանում ռեժիմի դեմ, այլ միջուկային ծրագրի չեզոքացում է կատարում, ասում է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ Իսկ իսրայելցի ղեկավարները բացահայտ հայտարարում են՝ իրենց նպատակը ռեժիմի փոփոխությունն է։

Սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է․

«Իսրայելը որոշել է՝ այլևս չի ապրելու հրթիռային սպառնալիքի տակ։ Այս ռեժիմը կա՛մ կփոխվի, կա՛մ ժողովուրդը կփոխի այն»։

Թեհրանում խուճապ է։ Քաղաքի զգալի հատված դատարկվել է։ Մարդիկ փախչում են դեպի գյուղական շրջաններ։ Իրանի իշխանությունները հայտնում են ավելի քան 400 զոհերի մասին, հիմնականում՝ խաղաղ բնակչությունից։

Իրանը վերջին 9 օրում Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 40 հրթիռ, որոնցից մի քանիսը խոցել են բնակելի թաղամասեր։

24 մարդ սպանվել է Իսրայելում։ Օդային տագնապ է հնչել ամբողջ տարածքով՝ միլիոնավոր մարդիկ ապաստարաններում։

Թել Ավիվի բնակիչ Ավեադ Չերնովսկին՝ դուրս գալով ապաստարանից, հայտնաբերել է, որ իր տունը ոչնչացվել է․

«Հեշտ չէ ապրել այստեղ, բայց մենք ուժեղ ենք։ Մենք կհաղթենք»։

Թրամփը օրեր շարունակ տատանվում էր՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ։ Վերջում նա որոշեց ռմբակոծել Իրանի միջուկային ենթակառույցները։

Սա նրա ամենամեծ արտաքին քաղաքական որոշումն է իր նախագահության ընթացքում։

Աշխարհը շունչը պահած սպասում է Թեհրանի պատասխանին։ Իսկ Մերձավոր Արևելքը՝ պայթյունավտանգ կետում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում