Նիկոլ Փաշինյանն Ալթայի համաժողովում ներկայացրել է ՀՀ կլիմայական և բնապահպանական քաղաքականությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ալթայում անցկացվող բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ներկայացնելով որոշ հատվածներ վարչապետի ելույթից։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաժողովում ներկայացրել է Հայաստանի կլիմայական և բնապահպանական քաղաքականությունը՝ շեշտելով լեռնային էկոհամակարգերի խոցելիությունը, ջրային և անտառային ռեսուրսների պահպանման առաջնահերթությունը, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանման և վերականգնման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։
Նա առանձնացրել է նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի (COP17) կարևորությունը՝ ընդգծելով միջազգային համագործակցության և համատեղ պատասխանատվության դերը։ Հայաստանը շարունակում է ակտիվորեն իրականացնել կլիմայական փոփոխության հարմարվողականության ծրագրեր, ներդնել նորարարական տեխնոլոգիաներ և խթանել համաշխարհային ջանքերը կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ։
Որպես նախագահող և հյուրընկալող երկիր՝ Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ապահովի արդյունավետ երկխոսություն, մերձեցնի կողմերի դիրքորոշումները և կայացնի հավասարակշռված և բովանդակալից որոշումներ, որոնք հաշվի կառնեն բոլոր կողմերի շահերն ու առաջնահերթությունները»,- գրել է նա:
Կարծիքներ