Կիսիդան կդառնա Ճապոնիայի առաջին վարչապետը, որը կմասնակցի ՄԶՉՊ-ի երկրների խորհրդաժողովին

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կմասնակցի Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՄԶՉՊ) մասնակից երկրների՝ հաջորդ շաբաթ բացվող ամփոփիչ խորհրդաժողովին: Ճապոնիայի կառավարության ղեկավարն այդ միջոցառմանը ներկա կլինի առաջին անգամ, հուլիսի 29-ին Տոկիոյում կայացած կանոնավոր ճեպազույցում հայտնել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Սեյձի Կիհարան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վարչապետ Կիսիդան կայցելի Նյու Յորք մասնակցելու համար ՄԶՉՊ-ի (կողմերի) խորհրդաժողովին: Դա կլինի Ճապոնիայի կառավարության ղեկավարի առաջին մասնակցությունն այդ խորհրդաժողովին»,- ասել Է Կիհարան: Նրա խոսքով՝ Տոկիոն կշարունակի ջանքեր գործադրել միջուկազերծ աշխարհի հասնելու նպատակով:
Ամփոփիչ խորհրդաժողովը, որը նվիրված Է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի գործողության քննարկմանը, անցկացվում Է հինգ տարին մեկ անգամ: 10-րդ հանդիպումը պետք Է տեղի ունենար տակավին 2020 թվականի մայիսին Նյու Յորքում, սակայն քովիդի համավարակի պատճառով հետաձգվել Է ընթացիկ տարվա օգոստոսի 1 – 26-ը:
Միջուկային զենքի չտարածման պայմանագիրն ստորագրվել Է 1968 թվականին: Այն օրինականացրել Է Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջուկային զինանոցները: Մյուս պետություններն, ստորագրելով փաստաթուղթը, զրկվում են զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման կամ ձեռքբերման իրավունքից: Այժմ համաձայնագրի մասնակիցներ են ավելի քան 190 երկրներ: Պայմանագրից դուրս են մնում Հնդկաստանը, Պակիստանը եւ Իսրայելը: 2003 թվականի հունվարին համաձայնագրից դուրս Է եկել ԿԺԴՀ-ն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ