Ռուբիոն և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության քաղաքական կարգավորումը

Ռուբիոն և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության քաղաքական կարգավորումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի 1-ին ռուսական կողմ խնդրանքով հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։

Զրույցի ընթացքում Մարկո Ռուբիոն կրկնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը՝ շարունակել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները՝ տևական խաղաղության հասնելու համար։ 

Հեռախոսազրույցի մասին հայտարարություն է տարածել նաև ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ քննարկվել է Ուկրաինայի շուրջ ճգնաժամը։

«ԱՄՆ պետքարտուղար Մ. Ռուբիոն իր անկեղծ ցավակցությունն է հայտնել հունիսի 1-ին Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքների պայթեցման հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի կապակցությամբ», - նշում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Լավրովը նշել է, որ ռուսական կողմը մանրակրկիտ հետաքննություն է անցկացնում, և մեղավորներն անպայման պատասխանատվության կենթարկվեն։ 

Լավրովն ու Ռուբիոն մտքեր են փոխանակել նաև «ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորմանն առնչվող տարբեր նախաձեռնությունների, այդ թվում՝ հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների վերսկսման ծրագրերի շուրջ»։

Ռուսական պատվիրակությունը հունիսի 1-ին մեկնել է Ստամբուլ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու համար։ 

Բրյանսկի և Կուրսկի մարզերում հունիսի 1-ի գիշերը կամուրջների փլուզման հետևանքով ռելսերից դուրս են եկել գնացքներ։ Բրյանսկի շրջանում մարդատար գնացքի մի քանի վագոն մնացել է փլատակներում, վթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ, ևս 66-ը վիրավորվել են։ Կուրսկի մարզում փլուզվել է կամուրջ, որի վրայով բեռնատար գնացք էր ընթանում. վիրավորվել են մեքենավարն ու նրա երկու օգնականները։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում