16 միլիոն դրամով տուն կառուցելու պետական ծրագրով նոր քվոտաներ են սահմանվել
Սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու՝ 16 միլիոնի ծրագրով նոր քվոտա ենք սահմանելու, բայց ոչ միայն սահմանամերձ բնակավայրերում: Այդ մասին ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախարար Թորոսյանը տեղեկացրեց, որ քվոտան սահմանվելու է 3 խումբ շահառուների համար: Առաջին խմբում մոտ 400 շահառուներ են, որոնք նախկինում չեն հասցրել օգտվել ծրագրերից: Դրանք այն քաղաքացիներն են, որոնք բավարարում են ծրագրի բոլոր պարամետրերը, շինթույլտվությունը ստացել են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը, բայց չեն կարողացել դիմել և բանկից վարկ ստանալ: Դրանք նաև այն քաղաքացիներն են, որոնք 2024-ի հունվարի 1-ից մինչև 2025-ի մայիսի 1-ը հողամաս են ձեռք բերել, բայց միայն հողամասի սեփականության իրավունքներն են գրանցել:
«Այս քաղաքացիների համար քվոտան գործելու է ուղիղ այն համայնքում, որտեղ շինթույլտվությունը ստացել են, հողամասը ձեռք են բերել, այսինքն՝ որևէ սահմանափակում չկա»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք շինթույլտվությունը մայիսի 1-ի դրությամբ արդեն ստացած են եղել:
ԱՍՀՆ-ն նաև որոշել է, որ քվոտաներ կսահմանվեն այն բնակավայրերում, որտեղ բնակչության թվի համամասնությամբ 10 տոկոսից ավելի տուն է կառուցվել: Նոր քվոտա կսահմանվի այն բնակավայրերում, որտեղ 10 տոկոսից քիչ տուն է կառուցվել:
«Նոր քվոտաներից կարող են օգտվել այն քաղաքացիները կամ այն ընտանիքները, որտեղ ամուսիններից մեկը (կամ եթե միայնակ մայր է) ունի առնվազն 1 տարվա հաշվառում այդ համայնքում… Կա՛մ պետք է լինի ընտանիքում անչափահաս երեխա, կա՛մ ամուսինների հանրագումարային տարիքը չպետք է գերազանցի 75 տարեկանը»,- ասաց նա:
Եվս մեկ քվոտա է սահմանվել, ըստ որի՝ եթե որևէ բնակավայրում դպրոցում տեղերը 50 տոկոսից պակաս է լրացված, ապա այդ 50 տոկոսի 20 տոկոսի չափով քվոտաներ կսահմանվեն: Այս դեպքում խոսքը 243 քվոտայի մասին է:


Կարծիքներ