Կասեցվել է թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Այգեկ թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի մշակման և վերափաթեթավորման (Արմավիր, գ․ Այգեկ) արտադրամասում:

 

Ըստ հաղորդագրության՝ արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին:

 

Այսպես՝

 

- արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը բացառող հոսքայնության հնարավորությունը,

- սարքավորված չի եղել բնական կամ մեխանիկական օդափոխության միջոցներով,

- շինության սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,

- ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,

- ենթամթերքի նախապատրաստումը չի իրականացվել առանձին տարածքներում,

- սարքավորումները և գույքը հնարավորություն չեն տվել իրականացնել մաքրման և ախտահանման աշխատանքներ,

- սարքավորումների, գործիքների, պարագաների և բեռնարկղերի մի մասը չի գտնվել նորոգ և մաքուր վիճակում, չի ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։

 

Թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում