ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի «Աբու Դաբիի կայունության շաբաթ» համաժողովին

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի «Աբու Դաբիի կայունության շաբաթ» համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը 2026 թվականի հունվարի 12-15-ը գործուղվել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու «Աբու Դաբիի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week – ADSW) խորագրով միջազգային համաժողովին։

 

ADSW-ն համաշխարհային ամենամյա նախաձեռնություն է, որի նպատակն է խթանել կայուն զարգացումը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և բնապահպանական առաջընթացը։

2008 թվականին հիմնադրված ADSW-ն հանդիսանում է միջազգային հարթակ, որը միավորում է տարբեր երկրների կառավարությունների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ կլիմայական համարձակ գործողությունների, նորարարական լուծումների և կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շուրջ քննարկումների և համագործակցության նպատակով։

 

Համաժողովը կայանալու է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի բարձր հովանու ներքո։ Միջոցառմանը մասնակցելու են պետությունների ղեկավարներ, քաղաքականություն մշակողներ, գործադիր տնօրեններ և ոլորտային առաջնորդներ ամբողջ աշխարհից՝ միավորելու ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարի, հարմարվողականության և մեղմման միջոցների առաջմղման, ինչպես նաև կայուն զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ։

 

2026 թվականին ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Երևանում հյուրընկալելուն ընդառաջ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը համաժողովին նպատակ ունի նպաստել միջազգային համագործակցության խորացմանը, կլիմայական օրակարգի առաջմղմանը և կայուն զարգացման ոլորտում լավագույն փորձի փոխանակմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում