Սնանկության ոլորտը կկարգավորվի. Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով

Սնանկության ոլորտը կկարգավորվի. Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով

Հայաստանում սնանկության ոլորտը կարգավորվում է 2006 թվականին ընդունված «Սնանկության մասին» օրենքով, որն այս ընթացքում ենթարկվել է մի շարք փոփոխությունների, սակայն դեռ լուրջ բարեփոխման կարիք ունի: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ մարտի 24-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգիրք» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Նախարարի տեղակալի խոսքով սնանկության ինստիտուտը հաճախ օգտագործվում է որպես պարտքերից անբարեխիղճ կերպով ազատվելու, չարաշահումների, կենսունակ կազմակերպությունների առողջացման փոխարեն նրանց գույքը փոշիացնելու, տարատեսակ եղանակներով գույքերը վաճառելու եւ լուծարման տանելու գործիք: «Ըստ վիճակագրության՝ 2024 թվականին Սնանկության դատարան է ներկայացվել 5856 դիմում, որից 4552-ը՝ ֆիզիկական անձանց սնանկության դիմումներն են: 2025 թվականին ունեցել ենք 4730,3 դիմում, որից 3946-ն են ֆիզիկական անձանց սնանկության դիմումները: Այս մեծ թվերը ցույց են տալիս, որ քաղաքացիները հեշտությամբ պարտք են վերցնում, չեն վճարում եւ սնանկ ճանաչվելով՝ կարողանում են հեշտորեն ազատվել պարտքերից»,- նշել է նա:

Խնդիրները լուծելու նպատակով Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով:

Վերոնշյալ չարաշահումները կանխարգելելու համար առաջարկվում է բարձրացնել սնանկ ճանաչելու շեմը՝ 2 միլիոն դրամից դարձնելով 5 միլիոն դրամ: Բացի այդ, նախատեսվում է, որ դատարանը դիմումը վարույթ ընդունելու փուլում կստուգի պարտապանի ֆինանսական վիճակը, նրա կատարած գործարքները, գույքի օտարումները, եւ, արդյունքում, կասկածներ լինելու պարագայում, սնանկության դիմումը կարող է մերժվել, իսկ եթե դրանք պարզվեն սնանկության գործի քննության ընթացքում, ապա դատարանը հնարավորություն կունենա ուղղակի անձին պարտքից չազատել:

Սնանկության նոր օրենսգրքի եւ հարակից օրենքների նախագծերով, մասնավորապես, միասնականացվել եւ կենտրոնացվել են սնանկության վարույթին առնչվող բոլոր ընթացակարգային եւ նյութական ասպեկտները: Նախատեսվել է սնանկության վարույթի սկզբունքների առանձին գլուխ, որը ներառում է պարտատերերի հավասարության, ակտիվների արդարացի բաշխման, բարեխղճության, գույքի արագ իրացման եւ այլ սկզբունքներ: Տարանջատվել են պարտապան իրավաբանական եւ ֆիզիկական անձանց անվճարունակության հատկանիշները: Հստակեցվել են ֆիզիկական անձի գույքի կազմի եւ աշխատավարձի ու դրան հավասարեցված միջոցների բռնագանձման վերաբերյալ կարգավորումները: Նախագծով նախատեսվել են նաեւ հատուկ կարեւորության կազմակերպությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսական կազմակերպությունների սնանկության առանձնահատկությունները:

Օրենսգիրքը կարգավորում է իրավաբանական ու ֆիզիկական անձանց սնանկության եւ սնանկության վտանգի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սնանկության գործի վարման եւ դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության հետ կապված հարաբերություններ:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Լիլիթ Մինասյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում