Փաշինյանը կարևորել է ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկումը արդարության վերականգնման առումով

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ դատախազության ստեղծման 103-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ խոսել է ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման մասին: Փաշինյանը ասել է, որ այս ոլորտում պետք է կարողանալ արդարության ճանապարհներով քայլել, որպեսզի, այսպես ասած, վրեժխնդրության տրամաբանություն չգործի, այլ գործի օրինականության տրամաբանություն, և, ի վերջո, արդարությունը հաստատվի, վերականգնվի ու պետության, ժողովրդի, հանրության շահերը լիարժեք վերականգնվեն:
«Ի վերջո սա կլինի ինստիտուցիոնալ արձանագրումն այն բանի, որ ընդհանրապես կոռուպցիոն գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում չունի որևէ հեռանկար և Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիայի վերականգնման համար որևէ հիմք, նախադրյալ ու հնարավորություն չկա»,- նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը այս բոլոր գործառույթներում դատախազության դերն առանցքային է համարում և ուրախությամբ նշում, որ հանրության շրջանում տեսնում են վերաբերմունքի որոշակի փոփոխություն:
« Կարծում եմ՝ դատախազությունը, իրավապահ համակարգը և դատարաններն ի վերջո պիտի հանրության շրջանում ընկալվեն որպես ինստիտուտներ, որոնք պաշտպանում են մարդուն, որոնք պաշտպանում են իրավունքը, որոնք պաշտպանում են պետությունը, որոնք պաշտպանում են իրավակարգը և որոնք ասոցացվում են, նույնականացվում են արդարության ու արդարադատության հետ»,- եզրափակել է Փաշինյանը:
Կարծիքներ