«Միջանցքի» հարցը մի կողմ է դրվել, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որ կկառուցվի ՀՀ իրավասության ներքո. Արաղչի

Իրանի Արտաքին գործերի նախարարը լրագրողների հետ ճեեպազրույց է ունեցել, ի թիվս այլ հարցերի, խոսել նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան պայմանավորվածությունների մասին:
Պատասխանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրի վերաբերյալ հարցին՝ Արաղչին ասել է.
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա պետք է նշել, որ մենք դրանք բազմիցս քննարկել ենք։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը վաղը կզանգահարի ինձ։ Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանը նույնպես կզանգահարի, իսկ երեքշաբթի օրը նախատեսված է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի այցը Թեհրան։
Մենք մշտական խորհրդակցությունների մեջ ենք կողմերի հետ։ Զանգեզուրի և բարձրացված հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումը շատ հստակ է. մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղություն և նախկինում հայտարարել ենք մեր պատրաստակամության մասին համագործակցելու և երկու երկրների միջև խաղաղության գործընթացը խթանելու համար»։
Արաղչին հավելել է, որ Իրանի որդեգրած դիրքորոշումները տարածաշրջանի վերաբերյալ նույնպես հստակ են և այդ մասին ավելի վաղ քանիցս ասվել է:
«Մենք ցանկանում ենք պահպանել տարածաշրջանի բոլոր երկրների լիակատար ինքնիշխանությունը իրենց տարածքների նկատմամբ և պաշտպանել տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։ Մենք նաև պաշտպանում ենք միջազգային սահմանները և չենք ընդունում դրանց որևէ փոփոխություն։ Երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը սահմանում է հետևյալ երեք սկզբունքները՝ տարածաշրջանի երկրների ինքնիշխանության հարգանք, նրանց տարածքային ամբողջականության հարգանք և սահմանների ցանկացած փոփոխության դեմ հանդես գալ»,- նշել է Արաղչին և հավելել, որ նշվածը լիովին համապատասխանում է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշմանը:
երկրի ԱԳ նախարարը նաև խոսել է այսպես կոչված «միջանցքի» մասին:
Նրա խոսքով՝ «միջանցքի» հարցը լիովին մի կողմ է դրվել:
«Մենք խոսում ենք տարանցիկ ճանապարհի մասին, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո՝ այս երկրի տարածքում: Այս նախագծի իրականացումը ընկերության պատասխանատվությունն է, որը, ըստ հայտարարության, կլինի ամերիկա-հայկական ընկերություն, որը գրանցված է Հայաստանում և գործում է այս երկրի օրենսդրությանը համապատասխան: Իհարկե, ինչպես ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայություն, ցանկացած ձևով, կարող է բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Մենք միշտ բարձրացրել ենք այս հարցը ադրբեջանական և հայկական կողմերի հետ և կշարունակենք ընդգծել այն: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին:
Մինչ այժմ մեր սկզբունքային դիրքորոշումները դիտարկվել են, բայց ամերիկյան ընկերության հնարավոր ներկայությունը մտահոգիչ է, և մենք կշարունակենք խորհրդակցությունները այս հարցի շուրջ»,- ընդգծել է Արտաքին գործերի նախարարը:
Կարծիքներ