Տնտեսության վնասները 2021թ. տուրիզմի ոլորտի անկման պատճառով կարող են հասնել $2,4 տրլն-ի. ՄԱԿ

Տնտեսության վնասները 2021թ. տուրիզմի ոլորտի անկման պատճառով կարող են հասնել $2,4 տրլն-ի. ՄԱԿ

Տուրիզմի ոլորտի անկումը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, կարող է հանգեցնել այն բանին, որ 2021թ. համաշխարհային ՀՆԱ-ն կունենա 1,7-ից մինչեւ 2,4 տրլն դոլարի վնաս։ Այսպիսի կանխատեսում է արված չորեքշաբթի Ժնեւում հրապարակված ՄԱԿ Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (ՅՈւՆԿՏԱԴ) զեկույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Միջազգային տուրիզմի աշխուժացում սպասվում է ընթացիկ տարվա երկրորդ կեսին, սակայն, ՅՈւՆԿՏԱԴ զեկույցի համաձայն՝ 2021թ. դեռեւս սպասվում են 1,7-ից մինչեւ 2,4 տրլն դոլարի կորուստներ 2019թ. համեմատ»,- փաստել են փորձագետները։

Զեկույցում ներկայացված են իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները։ Համաձայն առավել հոռետեսական տարբերակի՝ միջազգային ուղեւորությունների թիվն այս տարի կկրճատվի 75 տոկոսով։ Այդ դեպքում տուրիզմի հատվածը կկորցնի 948 մլրդ դոլար, իսկ համաշխարհային ՀՆԱ-ն ընդհանուր առմամբ կունենա 2,4 տրլն դոլարի վնաս։ Երկրորդ սցենարը հիմնված է 63 տոկոսով միջազգային զբոսաշրջային ուղեւորությունների ենթադրյալ կրճատման վրա։ Երրորդը բխում է նրանից, որ 75 տոկոսով ավելի քիչ կլինեն ուղեւորությունները կորոնավիրուսի դեմ պատվաստման ցածր մակարդակ ունեցող երկրներ, իսկ այն պետություններում, որտեղ բնակչության զգալի մասը պատվաստվել է, զբոսաշրջիկների հոսքը կկրճատվի 37 տոկոսով։ Երկրորդ սցենարով համաշխարհային ՀՆԱ կորուստները կանխատեսվում են 1,7 տրլն դոլարի մակարդակում, իսկ երրորդի դեպքում՝ 1,8 տրլն։

Զեկույցի հեղինակները ուշադրություն են դարձնում տուրիզմի հատվածի վրա զանգվածային պատվաստման զգալի ազդեցությանը։ Պատվաստումների բարձր մակարդակ ունեցող պետություններում տնտեսության կորուստներն այնքան էլ մեծ չեն լինի, ինչպես այն պետություններում, որտեղ պատվաստումը դանդաղ է ընթանում կամ նոր է սկսվել։ «Ակնկալվում է, որ տուրիզմի հատվածն ավելի արագ կվերականգնվի պատվաստման բարձր մակարդակ ունեցող երկրներում, ինչպիսին են Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը»,- նշում են փորձագետները։ Միեւնույն ժամանակ, նրանց կարծիքով, այդ հատվածը կհասնի այն ցուցանիշներին, որոնք եղել են մինչեւ կորոնավիրուսի համավարակը, միայն 2023թ. կամ դրանից ուշ։ Ճյուղի զարգացման գլխավոր խոչընդոտները զեկույցում նշված են «ճամփորդությունների սահմանափակումները, վիրուսի տարածման դանդաղ զսպումը, ճանապարհորդների ցածր վստահությունը եւ սուղ տնտեսական միջավայրը»։ «Աշխարհը գլոբալ պատվաստման ջանքերի կարիք ունի, որը կպաշտպանի աշխատողներին, կհարթի բացասական սոցիալական հետեւանքները, կհանգեցնի ռազմավարական որոշումների ընդունման տուրիզմի ոլորտում՝ հաշվի առնելով պոտենցիալ կառուցվածքային փոփոխությունները»,- ասել է ՅՈւՆԿՏԱԴ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Իզաբել Դյուրանը։

2020թ.  գլոբալ ՀՆԱ ուղղակի եւ անուղղակի կորուստները միջազգային տուրիզմի անկման հետեւանքով կազմել են, ՅՈւՆԿՏԱԴ գնահատականներով, 2,4 տրլն դոլար։ 12 ամիսների ընթացքում միջազգային զբոսաշրջային ուղեւորությունների թիվը կրճատվել է 1 մլրդ-ով կամ 73 տոկոսով։ Ընդ որում՝ հատկապես խիստ տուժել են զարգացող երկրները, որտեղ զբոսաշրջիկների հոսքը, ըստ գնահատականների՝ կրճատվել է 60-80 տոկոսով։ Ամենամեծ կորուստները կրել են Հյուսիսարեւելյան եւ Հարավարեւելյան Ասիայի երկրները, ինչպես նաեւ Օկեանիան, Հյուսիսային Աֆրիկան եւ Հարավային Ասիան։ Միեւնույն ժամանակ, տուրիզմի անկումն ամենից քիչն անդրադարձել է Հյուսիսային Ամերիկայի, Արեւմտյան Եվրոպայի եւ Կարիբյան ավազանի վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում