«Գերիների վերադարձը կարող է առանցքային կետ լինել խաղաղության բանակցություններում»

Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև Radar Armenia-ի հարցերին.
- Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը։ Իրավական գործիքակազմի առումով սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Ադրբեջանի համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, Լեռնային Ղարաբաղում 2023-ի սեպտեմբերի 19-ին հաջորդած դեպքերը, արցախահայության բռնի տեղահանումը։
- Ռազմական իրավունքը միջազգային իրավունքի մաս է կազմում, մասնավորապես, պատերազմի իրավունքը կամ իրավունքը պատերազմական իրավիճակում։ Այսպիսի հարցերը կարող են կարգավորվել միջազգային ընդդատությամբ։ Ինչ վերաբերում է ռազմական հանցագործություններին, դրա համար կա միջազգային քրեական դատարան, որը ներկայումս քննարկում է Ուկրաինայում տեղի ունեցած պատերազմական հանցագործությունները։ Կարծում եմ՝ կանոնները պետք է լինեն ընդհանուր, և, ըստ իրավասության, տվյալ դատարանը կարող է քննել նաև աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցած պատերազմական հանցագործությունները։
- Ադրբեջանում պահվող հայ գերիների և այլ պահվող անձանց առնչությամբ Գերմանիան ի՞նչ գործիքակազմ ունի և ի՞նչ է անում նրանց վերադարձի ուղղությամբ։
- Այստեղ էլ միջազգային քրեական դատարանը կարող է և ունի գործիքակազմ՝ դիրքորոշում կամ որոշում կայացնելու ինչպես պատերազմից հետո պատերազմական հանցագործությունների ամփոփման վերաբերյալ դրանց մեկնաբանություններ տալու, այնպես էլ ռազմագերիների վերադարձի։ Սա կարող է առանցքային կետ լինել նաև խաղաղության շուրջ բանակցությունների համար և, նաև, շատ լավ պատճառ և հիմք, որպեսզի խաղաղության բանակցությունները ի վերջո հասնեն ավարտուն հանգրվանի։
Հայկ Մագոյան
Կարծիքներ