AUKUS-ի շուրջ սկանդալից հետո Մակրոնը և Բլինկենը հանդիպել են

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդիպել են Փարիզում՝ երկու երկրների միջև լարվածության ֆոնին: Այս մասին հայտնում է Le Parisien-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին:
Մակրոնի վարչակազմը հայտարարել է, որ հանդիպման նպատակն է վերականգնել վստահությունը Վաշինգտոնի հետ հարաբերություններում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան խորհրդատվությունների համար անհապաղ հետ էր կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին: Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը:
Կարծիքներ