Բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր՝ Երևանի և Նեապոլի միջև. նոր նախաձեռնություններ կլինեն

Երևանն ու Նեապոլը ստորագրեցին բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Նեապոլը մի քաղաք է, որը մեզ՝ հայերիս շատ ավելի մոտ է, քան թվում է: Քաղաքի պատմական կենտրոնում կա մի փողոց՝ Սան Գրիգորիո Արմենո անունով՝ նվիրված Սուրբ Գրիգոր Լուսավորչին, ում մասունքները պահվում են նույնանուն եկեղեցում: Դա մեր ժողովուրդների միջև կապի գեղեցիկ խորհրդանիշ է, որն ունի դարերի պատմություն:
2023թ., երբ Նեապոլի գործընկերոջս՝ քաղաքապետ Ջայտանո Մանֆրեդիի հետ խոսում էինք մեր քաղաքների միջև ուղիղ չվերթ ունենալու մասին՝ այդ գաղափարը մենք քննարկեցինք նաև այստեղ՝ Երևանում, և այսօր կարող եմ ուրախությամբ ասել, որ այն դարձել է իրականություն:
Հոկտեմբերից մեկնարկել է Երևան-Նեապոլ ուղիղ չվերթը՝ մեր քաղաքները դարձնելով իրար էլ ավելի մոտ: Ստորագրված փաստաթղթով մենք նոր նախաձեռնություններ կունենանք Նեապոլի մեր գործընկերների հետ»,- գրել է Ավինյանը:
Կարծիքներ