Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի նախագահի հետ. ընդգծվել է TRIP-ի կյանքի կոչման և հաղորդակցության բոլոր ուղիների լիարժեք գործարկման կարևորությունը

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի նախագահի հետ. ընդգծվել է TRIP-ի կյանքի կոչման և հաղորդակցության բոլոր ուղիների լիարժեք գործարկման կարևորությունը

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։

 

Նախագահներն ընդգծել են հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացմանը, փոխադարձ վստահության հիման վրա ընդլայնվող քաղաքական երկխոսությանն ու գործնական համագործակցության խորացմանը միտված շարունակական ջանքերի կարևորությունը։

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, խաղաղության հաստատման և կայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների շուրջ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեսլականը՝ շեշտելով ծրագրի իրագործման լայն ներուժը՝ որպես տարածաշրջանային հաղորդակցության, փոխկապակցվածության և տնտեսական ներառական զարգացման հենասյուն։

 

Այս համատեքստում կողմերը նշել են, որ տարածաշրջանային կայունությունն ու փոխկապակցվածությունն ունեն վճռական նշանակություն տրանսպորտային և տնտեսական հնարավորությունների ընդլայնման համար։ Ընդգծվել է TRIP նախագծի կյանքի կոչման և հաղորդակցության բոլոր ուղիների լիարժեք գործարկման կարևորությունը։

 

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցության ներուժին, որի արդյունավետ իրագործումը կարող է դառնալ կարևոր ձեռքբերում երկուստեք։

 

Կողմերը կարևորել են երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը՝ ընդգծելով առևտրի, ներդրումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խորացումը, ինչպես նաև գործարար կապերի սերտացմանն ուղղված նախաձեռնությունների մշտական խթանումը։

 

Քննարկվել են նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Երկուստեք կարևորվել է նման բարձր մակարդակի միջազգային միջոցառումների անցկացումը՝ որպես գլոբալ բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանն ու միջազգային համագործակցության խորացմանն ուղղված կարևոր հարթակ։

 

Կողմերը դրականորեն գնահատել են վերջին տարիներին ձևավորված բարձրաստիճան փոխայցելությունների դինամիկան և քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կարևորելով այդ միտումների շարունակական զարգացումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում