3 անձ սննդային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հոկտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» են հոսպիտալացվել երեք անձ՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
«Պարզվել է, որ հոկտեմբերի 23-ին բուժառուները՝ երեք հնդիկ ուսանող, Երևանի Կոմիտաս 58 հասցեում գործող «Ֆրայ Դեյ» («Fry Day») սրճարանում կերել են հավի մսով պիցցա:
Արագ արձագանքելով հաղորդագրությանը՝ Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անմիջապես վերահսկողական գործողություններ են ձեռնարկել տվյալ հանրային սննդի օբյեկտում, վերցվել են նմուշներ հավի մսով պիցայից, դրա պատրաստման հումքից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
Վերահսկողության և լաբորատոր հետազոտության արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրությունում:


Կարծիքներ