Հարավային Կորեայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Հարավային Կորեայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Հարավային Կորեայի քաղաքացիներն ապրիլի 10-ին, գնում են ընտրատեղամասեր՝ երկրի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նոր կազմին ընտրելու համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 06:00-ին, քաղաքացիները կկարողանան քվեարկել մինչև ժամը 18:00-ը: Նրանք պետք է ընտրեն 300 պատգամավորի, որոնցից 254-ն ընտրվում է ուղղակիորեն, ևս 46 տեղ կբաշխվի կուսակցությունների միջև՝ ձայների ընդհանուր թվաքանակին համապատասխան։

Հիմնական պայքարն ընթանում է «Ժողովրդի ուժ» կուսակցության, որը նախորդ ընտրություններից հետո ձևավորել էր փոքրամասնության կառավարություն, և Դեմոկրատական ​​կուսակցության միջև, որն այժմ 300-տեղանոց խորհրդարանում ունի 142 մանդատ:

«Ժողովրդի ուժի» համար ընտրություններում հաղթելը հատկապես կարևոր է, քանի որ երկրի գործող նախագահ Յուն Սոկ Յոլն այս կուսակցության անդամ է, և եթե դեմոկրատները հաղթեն, նա դժվար իրավիճակում կհայտնվի մինչև 2027 թվականին իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:

Ըստ կանխատեսումների՝ Դեմոկրատական ​​կուսակցությանը կհաջողվի մեծամասնություն ստանալ խորհրդարանում, իսկ ոմանք կարծում են, որ նրանց նույնիսկ կհաջողվի հաղթահարել 200 տեղի շեմը։ Նման առավելությունը կուսակցությանը բավականաչափ լիազորություններ կտա՝ հաղթահարելու նախագահական վետոն կամ իմփիչմենթ հայտարարելու պետության ղեկավարին:

Associated Press-ը նշում է, որ այս տարի ընտրողները հիմնականում կենտրոնացած են երկրի ներքին խնդիրների վրա, մինչդեռ հիմնական խնդիրները, ինչպիսիք են միջուկային սպառնալիքը Հյուսիսային Կորեայի կողմից և ԱՄՆ-ի պարտավորությունները Հարավային Կորեայի անվտանգության ապահովման հարցում, երկրորդ պլան են մղվում:

Նաև փորձագետները նշում են, որ ընտրողների շուրջ 30-40 %-ը վստահ չէ, թե որ կուսակցությանն է սատարելու ընտրություններում։ Ենթադրվում է, որ հենց նրանց ձայները կարող են մեծապես ազդել ընտրությունների ելքի վրա։

Հարցումների վերջին տվյալները, սակայն, ցույց են տալիս, որ կուսակցություններից ոչ մեկը բացարձակ առավելություն չունի:

Ընդ որում, անցած շաբաթ տեղի է ունեցել վաղաժամկետ քվեարկություն, որում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրել է խորհրդարանական ընտրությունների համար ռեկորդային բարձր մասնակցություն՝ 31,28 %:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում