Միրզոյանն ու Կալասն անդրադարձել են վաշինգտոնյան համաձայնություններին

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նախարար Միրզոյանը, անդրադառնալով օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններին, ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում մինչ այս գրանցված առավել կարևոր հանգրվան:
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ձեռք բերված պայմանավորվածության, մասնավորապես «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կյանքի կոչումն նշանակալի ազդեցություն կունենա Հարավային Կովկասում և դրանից անդին փոխկապակցվածության ընդլայնման հարցում:
Արարատ Միրզոյանը Կայա Կալասին շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից շնորհավորանքի համար:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման հարցերի և տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման կարևորությանը:
Կարծիքներ