Վրաստանը նոր պատրիարք ունի

Վրաստանը նոր պատրիարք ունի

Վրաստանում ընտրվել է երկրի նոր Կաթողիկոս-Պատրիարքը՝ գրեթե կես դարի ընթացքում առաջին անգամ։ Վրաց Ուղղափառ Եկեղեցու ընդլայնված խորհուրդը Վրաստանի 142-րդ Կաթողիկոս-Պատրիարք է ընտրել Նորին Սրբություն Շիոյին, որը Իլիա II-ի մահից հետո կգլխավորի ՎՈՒԵ-ն։

BBC-ի փոխանցմամբ՝ այս ընտրությունը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն եկեղեցու ներքին գործընթացների, այլև Վրաստանի քաղաքական զարգացման վեկտորի վրա։

57-ամյա մետրոպոլիտ Շիոն համարվում է զգուշավոր, ոչ հրապարակային և պահպանողական գործիչ։ Նա հազվադեպ է շփվում մամուլի հետ և հիմնականում հանդես է գալիս իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառումներում։

Շիոն 2017 թվականի նոյեմբերի 23-ին նշանակվել էր պատրիարքական գահի տեղապահ, իսկ 2018 թվականի հունիսի 21-ին Սուրբ Սինոդի որոշմամբ ստացել էր սկուֆիայի վրա ադամանդե խաչ կրելու իրավունք։

Ընտրությունը տեղի է ունեցել Թբիլիսիի Սուրբ Երրորդություն մայր տաճարում։ Քվեարկությանը մասնակցել է Սինոդի 38 անդամ, որոնցից մեկի ձայնը ճանաչվել է անվավեր։ Շիոն ստացել է 22 ձայն՝ հաղթահարելով ընտրվելու համար անհրաժեշտ 20 ձայնի շեմը։

Եկեղեցական հավաքին մասնակցել է շուրջ 1200 պատվիրակ։ Նիստի ընթացքում ներկայացվել են թեկնածուների ուղերձները, ինչպես նաև տարբեր թեմեր ներկայացնող պատվիրակների ելույթները։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Սուրբ Սինոդը պատրիարքական գահի երեք թեկնածու էր առաջադրել՝ Շիոն, Մրովելիի և Ուրբնիսիի մետրոպոլիտ Հոբը, ինչպես նաև Փոթիի ու Խոբիի մետրոպոլիտ Գրիգոլը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում