Ղրղզստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել գործարկել ՀԱՊԿ մեխանիզմներ՝ զինված հակամարտությունները կանխելու համար

Ղրղզստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նուրան Նիյազալիևը, ելույթ ունենալով Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների փոխարտգործնախարարների հանդիպմանը, կոչ է արել գործարկել ՀԱՊԿ մեխանիզմներ, որոնք կկանխեն կազմակերպության անդամների միջև զինված հակամարտությունները։ Այս մասին այսօր հայտնել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Նուրան Նիյազալիևը խորհրդակցությունների մասնակիցներին տեղեկացրել է Ղրղզստանի դեմ Տաջիկստանի Հանրապետության ռազմական ագրեսիայի հետևանքների մասին և կողմերին կոչ է արել հնարավորինս շուտ գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները՝ հետագա զինված ներխուժումը կանխելու և պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծելու համար խաղաղ միջոցներով՝ Հավաքական անվտանգության պայմանագրին և ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան»,- ասվում է դիվանագիտական գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այս համատեքստում Նիյազալիևն առաջարկել է ընդունել համատեղ հայտարարություն և լրացումներ կատարել ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերում։
ՀԱՊԿ երկրների փոխարտգործնախարարները մտքեր են փոխանակել նաև անվտանգության արդի հարցերի շուրջ և ընդգծել նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ դիմակայելու կարևորությունը։
Հիշեցնենք` Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը սրվել է սեպտեմբերի 14-ին։ Ընդհանուր սահմանի պարագծով մի քանի օր շարունակ բախումներ են եղել երկու երկրների սահմանապահների միջեւ՝ ծանր զինատեսակների կիրառմամբ։
Սեպտեմբերի 18-ից կողմերը նոր միջադեպերի մասին չեն հայտնել։ Երկու երկրներն էլ հայտնել են զոհերի և ավերածությունների մասին։ Բանակցությունների մի քանի փուլից հետո սեպտեմբերի 25-ին Տաջիկստանի և Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեների նախագահներ Սայմումին Յաթիմովը Կամչիբեկ Տաշիևը բանակցություններ են վարել և ստորագրել իրավիճակի կայունացման արձանագրություն։
Կարծիքներ