Երևանում ձնամաքրման համար կպահեստավորվի շուրջ 11 հազար տոննա աղի և ավազի խառնուրդ, կօգտագործվի 81 միավոր տեխնիկա

Երևանի քաղաքապետարանում հրավիրված հանդիպում-քննարկման շրջանակում Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը վարչական շրջանների ղեկավարների, կառուցվածքային ստորաբաժանումների, համայնքային հիմնարկների պատասխանատուների, ինչպես նաև կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների, Պարեկային ծառայության ու ԱԻՆ ներկայացուցիչների հետ քննարկել է ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի ֆեյսբւքյան էջը։
Ձնամաքրման համար «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկը նախատեսում է պահեստավորել շուրջ 11 հազար տոննա աղի և ավազի խառնուրդ, 6000 տոննան արդեն պահեստավորված է: Ըստ վարչական շրջանների կկազմվի գործընթացի իրականացման հստակ ժամանակացույց:
Գործընթացին կներգրավվեն ինչպես «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի, այնպես էլ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 637 աշխատակից: Ձնամաքրման համար կօգտագործվի համայնքային երկու կառույցների 81 միավոր տեխնիկան:
Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է բազմաբնակարան շենքերի մուտքերի ու հարակից տարածքների մաքրման գործում ներգրավել համատիրություններին, իսկ համայնքը վերջիններին կաջակցի անհրաժեշտ քանակի աղ ու ավազով:
Եթե մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքներով հիմնականում զբաղվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, ապա մայթերի մաքրման հարցում պատասխանատու են նաև տնտեսվարողները:
Կամո Արեյանը կարևորեց տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Ավագանու սահմանած կարգի համաձայն՝ տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը:
Կարծիքներ