Կառավարությունը ևս 2,35 մլրդ դրամով ավելացնում է գիտության ֆինանսավորումը
Առաջարկվում է գիտության ոլորտին հատկացնել լրացուցիչ 2,35 մլրդ դրամ, որը պետք է ուղղվի երկու հիմնական նպատակներով՝ գիտական սարքավորումների ձեռքբերում, գիտական դրամաշնորհային հետազոտությունների իրականացում: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 15-ի նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ այս երկու ուղղությունները գիտության ոլորտում ռազմավարական առաջնահերթություններ են, և որ 2021-ից սկսած՝ էական ներդրումներ են արվել գիտական սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ:
«Արդեն իսկ տասնյակ միլիարդ դրամներ հատկացրել ենք այս նպատակին, որն օգնել է, որ մեր գիտական ինստիտուտներում և բուհերում ձևավորվեն լաբորատորիաներ, որտեղ հնարավոր է իրականացնել նորագույն ամենաարդիական հետազոտությունները, և նույնիսկ այն հետազոտությունները, որոնց համար նախկինում կարիք էր լինում դիմելու արտերկրի լաբորատորիաներին, այսօր այդ աշխատանքները կարողանում ենք իրականացնել Հայաստանում:
Այս տարի այս միջոցառման համար բյուջեով նախատեսվել էր 2,25 մլրդ դրամ, միևնույն ժամանակ մենք 2026-ի բյուջեի կազմման պահին պլանավորել էինք մի ծավալ, որը նախատեսել էինք որպես առաջնահերթություն, և մեր պայմանավորվածությունն էր, որ այդ հարցերին կանդրադառնանք մրցույթների իրականացումից հետո՝ անհրաժեշտ միջոցները հատկացնելով:
Ելնելով այս տրամաբանությունից՝ այժմ 12 գիտական կենտրոնների 21 սարքավորումներով վերազինման նպատակով առաջարկում ենք հատկացնել ևս 1,5 մլրդ դրամի չափով գումար, որը հնարավորություն կտա, որպեսզի մեր բուհերի և գիտական ինստիտուտների կարողություններն է՛լ ավելի զարգանան»,- ասաց նախարարը՝ թվարկելով սարքավորումները և ուղղությունները, որոնց մասով գումարի հատկացում է լինելու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ 2025 թվականին, երբ պետբյուջեն ընդունվում էր, ոչ մի տողում այս թիվը չի եղել, բայց այսօր այդ թիվը կա, և այս գումարով բազմաթիվ հիմնարկների համար ձեռք են բերվելու սարքեր ու սարքավորումներ:
Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրեց՝ 2018 թվականից գրեթե եռապատկվել է գիտության ֆինանսավորումը, բայց դրա մասին հասարակության մեջ քննարկումներ չեն եղել, հոդվածներ չկան:
«Ուղիղ եմ ասում, գիտեմ, որ կոպիտ եմ ասում, գիտեմ, որ հակազդեցություն է առաջանելու, բայց այն մարդիկ, որոնք [գիտության ոլորտի] ֆինանսավորման եռապատկման ընթացքում մի տող չեն գրել, մի նամակ չեն գրել, ես այդ նամակներն իգնոր եմ անելու, չնայած հիմա՝ այս օրերին, տասնյակներով այդ թեմայով նամակներ եմ ստանալու: Չեմ կարդում ձեր նամակները, սիրելի՛ նամակագիրներ, չեմ նայում ձեր նամակները, թեման նայում եմ, միանգամից ջնջում են: Տեղյա՛կ եղեք:
Գիտության ֆինանսավորումը մենք են ապահովել, մենք ենք գրել, որ ՀՆԱ-ում ինչքան պիտի լինի գիտությունը, և մենք ապահովելու ենք՝ անկախ այն հանգամանքից՝ նամակ գրո՞ւմ են, թե՞ չեն գրում,- ասաց վարչապետը, ապա, դիմելով գիտության ոլորտի ֆինասնավորման բարձրացման վերաբերյալ «լռություն պահպանողներին», ասաց.- Ովքեր ռազմավարական լռություն են պաշտպանել, թող շարունակեն լուռ իրենց աշխատանքը կատարել»:


Կարծիքներ