Տնտեսական աճը եռամսյակի արդյունքում 8.6 տոկոս է, սա շատ կարևոր է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում առաջին եռամսյակի իրական տնտեսական աճը կազմել է 8.6 տոկոս՝ չնայած աշխարհաքաղաքական իրավիճակին, ճգնաժամերին:
Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր Վիճակագրական կոմիտեն հրապարակեց ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշը, և մենք առաջին 4 ամիսներով ունենք 9.4 տոկոս տնտեսական ակտիվություն, և նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 8.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ:
Արդեն մոտենում ենք 1 մլրդ 300 և ավելի միլիոն դոլարի. սա նշանակում է, որ մեր տնտեսությունն իսկապես ֆանտաստիկայի ոլորտից չէ, որ, չնայած ճգնաժամերին, աշխարհաքաղաքական վիճակին, մենք այս տարի 7 տոկոս տնտեսական աճ կապահովենք, բայց սրա համար մեզնից՝ բոլորից շատ մեծ ջանք է պահանջվում, և հույս ունեմ, որ մենք այս հնարավորությունը կիրացնենք:
Հույս ունեմ նաև, որ մեր խաղաղության օրակարգը տնտեսության տրամադրությունն ավելի լավը կդարձնի, և մենք այդ նպատակին կկարողանանք հասնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին, թե որո՞նք են այն պատճառները, որ չնայած հոռետեսությանը՝ տնտեսությունն այսպիսի դիմակայություն է ցուցադրում՝ վարչապետն ասաց. «Դա նրանից է, որ կոռուպցիոն համակարգ չկա, որ տնտեսությունից այդ փողերը քաշի և տանի ինչ-որ դարակներում, օֆշորային հաշիվներում լցնի: Սա շատ կարևոր հանգամանք է: Բիզնեսն այսօր գիտի, որ ուրիշի հետ հարաբերություն չունի, իր հարաբերությունն իր հետ է, մրցակցային դաշտի հետ է, իր հարկային պարտավորությունների և օրենքի հետ է: Եվ սա առաջին հերթին կապում են սրա հետ, նաև կառավարության վարած տնտեսական քաղաքականության հետ»:
Կարծիքներ