Օդի որակը Երևանում վատթարանում է նոյեմբերին, սկսում բարելավվել՝ մարտին. լուծումները շատ բարդ են. Ավինյան
«Վերջին շրջանում մենք անընդհատ խոսում ենք օդի որակից և իրականում խոսում ենք նաև այն պատճառով, որ 2024 թվականից սկսել ենք օդի որակի չափումներ իրականացնել: Մեր բոլոր խոշոր կառուցապատվող օբյեկտներում ներդրված են մեր սարքերը, 175 սարքից մենք ունենք տվյալներ: Այդ տվյալները խոսում են այն մասին, որ օդի որակը մեզ մոտ վատթարանում է նոյեմբերի կեսերից և սկսում է բարելավվել մարտի կեսերին»:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ դա առաջին հերթին պայմանավորված է աշխարհագրական դիրքով, եղանակային պայմաններով և օդի ինվերսիայով:
«Լուծումներ կան, շատ բարդ լուծումներ են դրանք, և մենք խոստացել ենք, որ խոսելու ենք նաև այդ լուծումների մասին։ Այդ լուծումները շատ դեպքերում նույնիսկ Երևան քաղաքի սահմաններից դուրս պետք է իրականացվեն: Եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, խոսքը հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ, մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին է, որոնք որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների նկատմամբ»,- ասել է նա:
Ավինյանը խոսել է նաև կարճաժամկետ լուծումների մասին, նշել, որ օդի որակն այդ դեպքում էլ շատ լավ չի կարող լինել:
«10-15 կրիտիկական օր, որոնց մասին մենք նախօրոք տեղեկացված լինենք, և այդ օրերին մենք մի փոքր ստանդարտից դուրս, երևի վարչարարական աշխատանք անենք: Դա կարող է ազդել 45-ից 60 օրվա վրա։ 10 օր ճիշտ, թիրախային, կետային աշխատանքի դեպքում մենք կարող ենք հնարավորություն ունենալ մոտավորապես 20%-ի ազդեցություն ունենալ, որն էական ազդեցություն է»,- հավելել է քաղաքապետը։


Կարծիքներ