Մրցույթներ՝ ուղղված գիտական սարքերի ու սարքավորումների ձեռքբերմանը

Մրցույթներ՝ ուղղված գիտական սարքերի ու սարքավորումների ձեռքբերմանը

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերմանն ուղղված երկու մրցույթների հայտերի ընդունման մեկնարկի մասին։

Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթ

Մրցույթը կազմակերպվում է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 2045-Ա/2 հրամանով հաստատված «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի կարգի» համաձայն։

Հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական պետական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները կոմիտեի orgs.hesc.am համակարգով։ Մեկից ավելի hայտերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել hայտերի վարկանիշային ցանկ՝ ըստ կազմակերպության առաջնահերթությունների։

Գիտական սարքեր/սարքավորումներ ձեռք բերելու նպատակով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կարող է տրամադրել մինչև 20 միլիոն դրամ։

Հայտը հաստատվելու դեպքում կազմակերպությունը կոմիտեի հետ կնքում է ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանագիր և կազմակերպում է գնման գործընթացը։ Գնված սարքերի/սարքավորումների տնօրինման իրավունքը պատկանում է կազմակերպությանը։

Վերջնաժամկետը 2024 թվականի հունիսի 14-ն է:

Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթ

Այս մրցույթին ևս կարող են հայտ ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական պետական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները կոմիտեի orgs.hesc.am համակարգով։

Հայտը ներկայացնում է այն կազմակերպությունը, որտեղ գիտական սարքը/սարքավորումը տեղակայվելու է։ Այս մրցույթի դեպքում գնման գործընթացը կազմակերպելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այնուհետև դրանք տրամադրելու է հայտատու կազմակերպությանը: Համաֆինանսավորում չի նախատեսվում։

Ի տարբերություն առաջին մրցույթի՝ այս դեպքում հայտի ընդհանուր գումարը պետք է կազմի առնվազն 20 միլիոն դրամ, իսկ հայտում ներառված յուրաքանչյուր սարքի/սարքավորման արժեքը՝ առնվազն 5 միլիոն դրամ։

Վերջնաժամկետը 2024 թվականի հունիսի 14-ն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում