Վլադիմիր Պուտինը երկարաձգել է օտարերկրացիների՝ էլեկտրոնային վիզայով Ռուսաստանում գտնվելու ժամկետը

Վլադիմիր Պուտինը երկարաձգել է օտարերկրացիների՝ էլեկտրոնային վիզայով Ռուսաստանում գտնվելու ժամկետը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր ընդունված օրենքով կրկնապատկել է օտարերկրացիների համար էլեկտրոնային վիզայի վավերականությունը և դրանով ՌԴ-ում գտնվելու ժամկետը, որն այսուհետ կկազմի համապատասխանաբար 120 և 30 օր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախկինում օտարերկրյա քաղաքացիների համար էլեկտրոնային վիզայով Ռուսաստանում գտնվելու ժամկետը 16, իսկ վիզայի վավերականությունը 60 օր էր։ Նախաձեռնության հեղինակները նշել են, որ օրենքը կնպաստի զբոսաշրջային, գործարար, մարդասիրական և հյուրընկալվելու նպատակներով Ռուսաստան ժամանող օտարերկրացիների թվի աճին: Միաժամանակ, նորամուծությունները թույլ կտան նաև պահպանել միգրացիայի վերահսկողության պատշաճ մակարդակը և կատարել Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ապահովման ոլորտում պահանջները։

Նոր կանոններ են սահմանվել նաև ռուսաստանցիների համար. այժմ ծննդյան վկայականը կիրառելի չի լինի արտասահմանում անչափահասների ինքնությունը հաստատելու համար։ Այդ փաստաթուղթը չի կարելի օգտագործել նաև Ռուսաստանից մեկնելու համար։ Սակայն նորամուծությունը չի վերաբերում այն անչափահասներին, ովքեր ծննդյան վկայականով արտասահման են մեկնել մինչև օրենքի ուժի մեջ մտնելը. նրանք կարող են վերադառնալ այդ փաստաթղթով։

Նոր օրենքի համաձայն՝ Ռուսաստանի սահմանն այժմ կարելի է հատել սահմանված սահմանային անցակետերից դուրս՝ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի թույլտվության պարագայում: Նորամուծությունը սահմանապահներին նաև լիազորում է կանգնեցնել և ստուգել փոքր նավերը, սառույցի վրա տեղաշարժվելու միջոցները և դրանց բեռը, ինչպես նաև ստուգել ՌԴ այցելող և երկրից մեկնող մարդկանց անձնական իրերը: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում