Ալեն Սիմոնյանը համոզված է, որ իր եղբոր կինը մեղավոր չէ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համոզված է, որ իր եղբոր կնոջն առնչվող գործում սխալմունք կա, նա մեղավոր չէ, միևնույն ժամանակ Սիմոնյանը վստահեցնում է, որ, եթե Հայաստանում մարդ մեղավոր է, անկախ նրանից թե ով է, պետք է կրի պատիժ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում պարզ կլինի, որ իմ բարեկամի վերաբերյալ գործի այդ մասում սխալմունք է տեղի ունեցել: Սակայն դա չի նշանակում, թե պետությունը պետք է կուլիսային արդարադատություն իրականացնի: Դա անհնար է, անթույլատրելի է»,-ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությանը՝ նա շեշտեց, որ միջնորդությունը ներկայացվել է 3 հոգու խափանման ընտրման միջոցի վերաբերյալ: ««Քաղաքացիական պայմանագիր»-ը չի խառնվել՝ գործն արդար է, արդար չէ, ճիշտ է, ճիշտ չէ, ով է մեղավոր, ով մեղավոր չէ: Ես պնդում եմ, կարծում եմ, որ անընդունելի է, որ ՀՀ-ում դատարանը որոշում է կայացնում որևէ մանկահասակ երեխայի մոր խափանման միջոց ընտրել կալանք՝ այն պարագայում, երբ կան տարբեր միջոցներ»,-ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահն իմացել է, որ նման ևս մեկ դեպք է եղել, երբ կալանավորված է եղել մանկահասակ երեխայի մայրը: Ուստի նա ներողություն խնդրեց, որ չի իմացել դրա մասին:
Անդրադառնալով հարցին՝ եթե պարզվի, որ իր եղբոր կինն, այնուամենայնիվ, մեղավոր է, ի՞նչ կլինի՝ Սիմոնյանն ասաց. «Եթե մարդիկ ՀՀ-ում մեղավոր են, անկախ նրանից, թե ով են, պետք է կրեն համապատասխան պատիժ: Բայց ես հավատում եմ, որ նման բան անհնար է: Երբ ծանոթացել եմ նրան, ինչ մեղսագրվում է, իմ համոզմունքն ամրապնդվել է»:
Անդրադառնալով իր ու վարչապետի հարաբերությունների վերաբերյալ խոսակցություններին՝ Սիմոնյանը վստահեցրեց, որ իր և վարչապետի հարաբերությունները ինստիտուցիոնալ, նաև ընկերական հիմքի վրա են:
Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով ձերբակալվել էին Էկոնոմիկայի նախարարի՝ պաշտոնից ազատված տեղակալ Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որն աշխատել է «Սիներջի» ընկերությունում, «Սիներջի» ընկերության հիմնադիր և ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։ Ավելի ուշ Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը, մյուս երեքը կալանավորվել էին:
ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները միջնորդություն էին ներկայացրել Դատախազություն՝ փոխելու Աշոտ Հովհաննիսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցները: Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ «Սիներջի» ընկերության աշխատակիցներ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Ավելի ուշ դատախազը փոխեց նաև «Սիներջի»-ի ղեկավարի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:
Նույն գործով տնային կալանք է կիրառվել նաև Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ:
Կարծիքներ