Բորելն առաջարկել է դուրս բերել Ռուսաստանի սառեցված պաշարները՝ Ուկրաինան վերականգնելու համար

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է դիտարկեն ռուսական սառեցված արժութային պահուստների դուրսբերման հարցը՝ այդ միջոցներն ուղղելու Ուկրաինայի վերականգնմանը։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է քաղաքական գործչի հետ Financial Times-ին տված հարցազրույցում։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն նախկինում վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի կենտրոնական բանկին պատկանող միլիարդավոր դոլարների ակտիվները՝ մասամբ ահաբեկչության զոհերի հնարավոր փոխհատուցման, ինչպես նաև երկրին մարդասիրական օգնության համար։ Հնարավոր է դիտարկել նմանատիպ քայլեր Ռուսաստանի պահուստների հետ կապված։ «Ես կողմ կքվեարկեի, քանի որ դա շատ տրամաբանական է», - ասել է Բորելը հրատարակությանը։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի վերակառուցման ֆինանսավորման հարցը առանցքային քաղաքական խնդիրներից մեկն է՝ հաշվի առնելով «անհավանական գումարը», որը պետք է ներգրավվի։ ԵՄ պաշտոնյաներն արդեն ուսումնասիրել են, թե արդյոք Ռուսաստանի պաշարները կարող են ինչ-որ կերպ օգտագործվել Ուկրաինան վերականգնելու համար, սակայն Բրյուսելը մինչ այժմ առաջարկներ չի արել այդ հարցում:
Կարծիքներ