ՀՀ-ում մամուլն ազատ է առավել, քան աշխարհի մեզ հայտնի որևէ կետում, առնվազն ազատ է իշխանությունից. Ալեքսանյան

Հայաստանում մամուլի ազատությունը չլսված մակարդակի է, դե գոնե ընդդիմադիր մամուլի՝ հայհոյախառն վերնագրե՞ր՝ ինչքան ուզես, ակնհայտ կեղծ մեջբերումնե՞ր՝ քավ լիցի, օտար պետությունների շահերի բացահայտ սպասարկում՝ սեփականի հաշվին՝ էլի ոչ մի խնդիր։
Այս մասին սոցցանցի իր էջում գրում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրը:
«Այսօր մամուլի ազատության օրն է։
Իմ համեստ կարծիքով Հայաստանում մամուլն ազատ է առավել, քան աշխարհի մեզ հայտնի որևէ կետում։ Չեմ ասում՝ ավելի լավն է, ասում եմ՝ ազատ է։
Առնվազն ազատ է իշխանությունից, ազատ է ընտրել թե ինչպես աշխատի, ում հետ աշխատի, աշխատի դրամաշնորհային կազմակերպությունների հետ, թե նախկին օլիգարխներից որևէ մեկի հետ, նախկին օլիգարխներից գումարը ստանա դոլարով, ռուբլով, թե՞ դրամով։
Հայաստանում մամուլի ազատությունը չլսված մակարդակի է, դե գոնե ընդդիմադիր մամուլի՝ հայհոյախառն վերնագրե՞ր՝ ինչքան ուզես, ակնհայտ կեղծ մեջբերումնե՞ր՝ քավ լիցի, օտար պետությունների շահերի բացահայտ սպասարկում՝ սեփականի հաշվին՝ էլի ոչ մի խնդիր։
Հայաստանում չկան մամուլի ինքնակարգավորման մեխանիզմներ։ Ես չեմ հիշում գեթ մի դեպք, որ լրագրողական կազմակերպությունները այս կամ այն կերպ դատապարտեն կամ գոնե քննեն որևէ լրագրողի կամ լրատվականի որևէ խնդրահարույց դրսևորում, իսկ նմանատիպ ուշադրության արժանի դեպքեր վստահաբար եղել են։
Ու սա բերել է մի վիճակի, երբ լրատվականներն ու լրագրողները կատարյալ ազատություն են վայելում, ինչը երևի նորմալ է նոր աշխարհում։
Նախկին անաչառ ու բազմակողմանի մեդիան ամբողջ աշխարհում է մեռնում ու դառնում բևեռացված, կարծիքային։ Լրատվականներն ու լրագրողները դադարում են լրատվության անկաշառ ու անկողմնակալ աղբյուր լինել ու դառնում են լավագույն դեպքում գաղափարախոսությունների, իսկ վատագույն դեպքում՝ անհատների «աշտարակներ» ու այս դեպքում թերևս տրամաբանական է, որ փոխվում է նաև մարդկանց ընկալումը մեդիայի նկատմամբ։
Բևեռացված մեդիան բերում է բևեռացված վերաբերմունքի՝ գաղափարական համախոհները սիրում են, ընդդիմախոսները՝ ատում, սա էլ է նորմալ, եթե ատելության ուղիղ դրսևորումների չի հասնում, այլ մնում է միայն վերաբերմունքի մակարդակում, բայց հենց էստեղ է դժվարությունը ու հենց էստեղ է մամուլի ինքնակարգավորման անհրաժեշտությունը։
Դատական վճիռները վիրավորանքի և զրպարտության համար շատ հաճախ էնպիսի փոխհատուցումներ են ներառում, որ ուղղակի ծիծաղ է առաջացնում, երբ շատ լավ գիտես թե ինչ ֆինանսական հնարավորություններ ունի տվյալ լրատվականի պատրոնաժն անող նախկին օլիգարխը ու հարց է ծագում՝ իսկ դա զսպելու՞ է այդ լրատվականին հետագա զրպարտություններն անելու հարցում, թե՞ հակառակը՝ խրախուսելու։ Ու սա ասում եմ որպես պաշտոնյա, ով երբեք ոչ մի լրատվականի դատի չի տվել, չնայած դրա լիուլի առիթների։
Մեր շատ հայրենակիցներ մամուլի ազատությունը խնդիր են համարում, ես՝ ոչ։ Ես խնդիր համարում եմ ինքնակարգավորման մեխանիզմների ի սպառ բացակայությունը, ես խնդիր համարում եմ վիրավորանքի և զրպարտության «մատչելիությունը», ես խնդիր համարում եմ թեկուզ բևեռացված մեդիայի պայմաններում խաղի հստակ կանոնների ու բացակայությունը։
Չմոռանամ նաև խոսել հայկական լրատվական դաշտի «Դոն Կիխոտների» մասին՝ հիմնականում անհատ լրագրողներ, որոնք ապահովում են բազմակողմանի ու անաչառ լրատվություն՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքային դիրքերից։ Ասեմ, որ մշտապես հիանում եմ նրանցով, նույնիսկ երբ անձամբ ես կամ մեր թիմն է հայտնվում նրանց թիրախում։
Շնորհավորում եմ»,- գրում է պատգամավորը։
1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր: Համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր՝ 34-րդ տեղում է:
Կարծիքներ