Միրզոյանը Թուրքիայի հետ հարաբերություններում շոշափելի արդյունքներ գրանցելու լավատեսություն ունի

Միրզոյանը Թուրքիայի հետ հարաբերություններում շոշափելի արդյունքներ գրանցելու լավատեսություն ունի

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում շոշափելի արդյունքներ գրանցելու լավատեսություն ունի:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը նշեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում՝ անդրադառնալով Հայաստանի կողմից բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն վարելուն: 

«Ռազմավարական գործընկերություն ունենք Միացյալ Նահանգների հետ, ռազմավարական երկխոսություն ունենք և փորձում ենք բարձրացնել գործընկերության մակարդակը Միացյալ Թագավորության հետ, մի շարք ԵՄ անդամների հետ։ Էականորեն խորացնում ենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, ռազմավարական գործընկերություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Բազմիցս ասել ենք, թե ինչպիսի մեծ կարևորություն ենք հաղորդում մեր անմիջական հարևանների հետ հարաբերություններին. Վրաստանի և Իրանի հետ ունենք հիանալի հարաբերություններ, Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է, փորձում ենք ավելի դետալիզացնել։ Թուրքիայի հետ ունենք շատ ինտենսիվ երկխոսություն և ես շատ մեծ լավատեսություն ունեմ այստեղ, որ կարող ենք աստիճանաբար շոշափելի արդյունքներ գրանցել: Չինաստանի հետ ռազմավարական գործընկերություն հռչակեցինք»,- մանրամասնեց Միրզոյանը: 

Արտաքին գործերի նախարարը նշեց՝ Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացումը ևս այս պահին կարելի է միայն հավասարակշռության համատեքստում դիտարկել: 

«Անշուշտ, այն պահից, երբ խոսք կլինի կոնկրետ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի հայտի մասին, իմաստ կունենա նորից անդրադառնալ այդ հարցին, բայց այս պահին առնվազն մեր հարաբերությունները որևէ երկրի հետ հենց դիվերսիֆիկացիայի համատեքստում կարող են դիտարկվել»,- նշեց նախարարը: 

Արարատ Միրզոյանը հավելեց՝ Հայաստանին հաջողվում է բոլորի հետ պահել հավասարակշռություն, ինչից շահում են նաև հարևան երկրները: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում