Թբիլիսիում հայտնաբերված հայերեն գրություններով մարմարե տապանաքարերը, մարդկային մասունքները կտեղափոխվեն Խոջիվանքի պանթեոն

Թբիլիսիում հայտնաբերված հայերեն գրություններով մարմարե տապանաքարերը, մարդկային մասունքները կտեղափոխվեն Խոջիվանքի պանթեոն

Հոկտեմբերի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Թեա Ցուլուկիանին և Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանն այցելել են Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության շենքի հարակից տարածք, որտեղ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել էին հայերեն գրություններով մարմարե տապանաքարեր և մարդկային մասունքներ։

Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Հայտնաբերված տապանաքարերն ու մասունքները կտեղափոխվեն Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանքի» պանթեոն։

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին ցուցաբերած հոգատարության համար՝ բարձր գնահատելով վրաց ժողովրդի վերաբերմունքը քաղաքակրթական և քրիստոնեական համընդհանուր արժեքների նկատմամբ։

Այս տարածքում է գտնվել խորհրդային տարիներին ավերված Թբիլիսիի հայկական Վանքի մայր տաճարի գերեզմանոցը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում