Երևանի մնջախաղի պետական թատրոնը արժանացել է Շրի Լանկայի «Կոլոմբո» միջազգային փառատոնի մրցանակի

Երևանի մնջախաղի պետական թատրոնը մասնակցել է Շրի Լանկայում անցկացվող «Կոլոմբո» միջազգային թատերական փառատոնին։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Փառատոնի մրցութային ծրագրում ներկայացվել է Նաիրա Եդիգարյանի «Դեպի ներս» բեմադրությունը, որտեղ արվեստագետը հանդես է եկել միաժամանակ որպես ռեժիսոր և մենակատար։ Ժամանակակից մնջախաղի արվեստի արտահայտիչ լեզվով ստեղծված այս մոնոներկայացումն արժանացել է բարձր գնահատականի՝ որպես ինքնաբացահայտման, ներքին ճգնաժամերի հաղթահարման և ինքնության որոնման պատկերավորում։
Ներկայացումը մեծ արձագանք է ստացել թե՛ հանդիսատեսի, թե՛ ժյուրիի կողմից։ Երևանի մնջախաղի պետական թատրոնը ճանաչվել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգի հաղթող, որը վկայում է բեմադրական աշխատանքի և դերասանական վարպետության բարձր մակարդակի մասին։
Փառատոնի շրջանակում Նաիրա Եդիգարյանը Շրի Լանկայի արվեստի կենտրոնում անցկացրել է նաև վարպետության դասեր։
Փառատոնի ավարտին Երևանի մնջախաղի պետական թատրոնը հրավեր է ստացել մասնակցելու Հնդկաստանում 2026 թվականին կայանալիք միջազգային թատերական փառատոնին:
Կարծիքներ