Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, դա արձանագրել է նաև ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովը․ նախարար
Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, և այդ գնահատականը հնչեցվել է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համապատասխան հանձնաժողովի զեկույցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Ես կրկին ասում եմ՝ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան։ Վերջերս եվրոպական կառույցների կողմից հրապարակված զեկույցներում որևէ հղում քաղբանտարկյալների մասին չկա, և սա ինքնին շատ խոսուն է»,– նշեց նախարարը։
Սրբուհի Գալյանի խոսքով՝ քաղաքական հայացքները կամ քաղաքական գործունեությունը չեն կարող անձին ազատել հնարավոր հանցանքի համար պատասխանատվությունից։
«Չի կարելի պատսպարվել քաղաքական հայացքի կամ կարգավիճակի հետևում և կատարել հանցանք, իսկ հետո խոսել քաղաքական հետապնդման մասին։ Քաղաքականությամբ զբաղվելը չի նշանակում, որ քո գործողություններին պարտադիր պետք է քաղաքական ենթատեքստ տրվի»,– ընդգծեց նա։
Նախարարը նշեց, որ առկա քրեական գործերով քննությունները շարունակվում են, իսկ վերջնական գնահատական կարող են տալ միայն դատարանները։
«Քանի դեռ դատական ակտ չկա, որևէ անձնական կամ քաղաքական հետևություն վճռորոշ նշանակություն չունի։ Քննչական, դատախազական և դատական մարմինները կատարում են իրենց աշխատանքը, և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող պատասխանատու լինել այդ մարմինների գործունեության համար»,– ասսց Սրբուհի Գալյանը։


Կարծիքներ